Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին


Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
Սեպտեմբեր 19 20:28 2025

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը։

 

Վարչապետը ողջունել է տիկին Կոսի այցը Հայաստան և բարձր գնահատել Հայաստան–Եվրոպական միություն ակտիվ ու շարունակական երկխոսությունը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ հետևողական աջակցության համար՝ ընդգծելով, որ այն կարևոր դեր ունի ՀՀ կառավարության հավակնոտ բարեփոխումների օրակարգի իրականացման գործում։ Նա հավելել է, որ այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնումն ամրագրված է նաև ՀՀ–ԵՄ գործընկերության նոր օրակարգում։

 

Հանձնակատար Մարթա Կոսը վերահաստատել է ԵՄ ամուր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրագործմանը։ Նա նշել է, որ ԵՄ-ն բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը, որը կնպաստի համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը։

 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–ԵՄ գործընկերության առաջնահերթությունները, առաջիկա անելիքները և փոխգործակցության խորացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին, տնտեսական գործընկերության խթանման ուղիներին, ինչպես նաև վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսությանը։

 

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵՄ օժանդակությունը Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը, տրանսպորտային ու ենթակառուցվածքային զարգացմանը, փոքր և միջին բիզնեսի կարողությունների ընդլայնմանը։

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսական աճի խթանմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը»: