Հայաստանի այսպիսի «խաղաղության» համար վճարվել է Արցախով և արցախցիներով․ Առաքելյան


Հայաստանի այսպիսի «խաղաղության» համար վճարվել է Արցախով և արցախցիներով․ Առաքելյան
Օգոստոս 21 22:46 2025

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․

«Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող փաստացի խաղաղությունը հաստատվել է Արցախի հայաթափումից հետո, այսինքն արդեն երկու տարի։

Այսինքն, գոյություն ունեցող խաղաղության հաստատման հիմքը ոչ թե Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կողմից անդադար թմփկահարվող հայտնի և անհայտ փաստաթղթերն են, այլ բացառապես Արցախի բռնազավթումը։ Եվ դա շատ լավ գիտի նաև միջազգային հանրությունը, որ Արցախի հայաթափումից հետո հայ-ադրբեջական ռազմական բախման հավանականությունը հասել էր նվազագույնի, այնպես, ինչպես բոլոր կոնֆլիկտներում, երբ կողմերից մեկը հաղթում է և հասնում է իր նպատակին, դրան հաջորդում է խաղաղությունը։ Նույն տրամաբանությամբ, 1994թ․ հետո պատերազմի բացակայության հիմքը ոչ թե ստորագրված փաստաթուղթն էր, այլ Արցախյան պատերազմում մեր ջախջախիչ հաղթանակը։

Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հիմքը, պատճառը, նպատակը եղել է Արցախը։ Եվ այո, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է՝ Արցախի հարցը փակելով է հասել խաղաղության՝ միայն և բացառապես։ Եվ Արցախի հարցը փակելու այդ պրոցեսը սկսվել է Լաչինի միջանցքի փակմամբ և ավարտվել Արցախի ամբողջական հայաթափմամբ։ Արդյունքում, արդեն երկու տարի է խաղաղություն է, որի հետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի։

Հայաստանի այսպիսի «խաղաղության» համար վճարվել է Արցախով և արցախցիներով, մնացած ամեն ինչ կեղծիք է, հատկապես՝ իշխանությունների կողմից խաղաղության և պատերազմի մասին անիմաստ և անբովանդակ քննարկումները»։