Հայաստանը ստանում է ապաշրջափակված ճանապարհներ մեր տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պահպանմամբ, որը, կարծում եմ, շատ կարևոր է մեր պետության զարգացման տեսանկյունից, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով հարցին, թե «Խաղաղության պայմանագրի» ստորագրմամբ ինչ է ստանում Հայաստանը։
«Այս փուլի համար այնքան մեկնաբանություն և այնքան ինֆորմացիա, ինչքան նպատակահարմար է եղել փոխանցել, արդեն փոխանցվել է, և ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ: Առաջիկայում կմեկնարկեն աշխատանքային պրոցեսներ, և այն պահից սկսած, երբ հավելյալ ինֆորմացիա փոխանցելու անհրաժեշտություն լինի, կառավարությունն այդ ինֆորմացիան կփոխանցի»,- ասաց Խուդաթյանը:
Նա ասաց, թե «Խաղաղության պայմանագրի» նախաստորագրումը Հայաստանին մի շատ մեծ քայլ մոտեցնում է խաղաղությանը.
«Կարծում եմ, որ դա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար սպասված, կարևոր և ուրախալի իրադարձություն է»։
Խուդաթյանն ասաց, թե նախկինում չարագուշակ մեկնաբանություններ էին արվում «Խաղաղության պայմանագրի» տեքստի մասով, մինչդեռ, ըստ նրա, տեքստի հրապարակումից առաջ պարզվեց, որ այնտեղ ՀՀ-ի համար ոչ մի սարսափելի, ողբերգական և չարագուշակ բան չկար:
«Մենք սովոր ենք, որ այդպիսի մեկնաբանություններ կարվեն այնքան ժամանակ, մինչև գա պահը ավելի մանրամասնելու փաստաթղթի իրականացման ճանապարհային քարտեզը»։
Հարցին, թե ո՞ւր է գնալու Հայաստանն այդ ճանապարհով, Խուդաթյանը պատասխանեց.
«Հայաստանի Հանրապետության համար բացվելու են այն ճանապարհները, որոնք անցնելու են Ադրբեջանով, որովհետև ապաշրջափակումը երկկողմանի պրոցես է»։