Փնտրվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ներկայացրած հաղորդումը՝ իր հեռախոսի հափշտակության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։
Հիշեցնենք, որ Մանուկյանի հեռախոսը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, ապա Քննչականի մոտ էր հայտնվել մոտ երեք շաբաթ առաջ՝ հուլիսի 10-ին, ՀՅԴ անդամների տանը խուզարկությունների ընթացքում, երբ իրավապահները խուզարկություններ էին իրականացրել նաև պատգամավորի տանը՝ այն դիտարկելով որպես նրա որդու՝ Տարոն Մանուկյանի, փաստացի բնակության վայր։ Վերջինս եւս ձերբակալվել էր, բայց հետագայում ազատ արձակվել՝ առանց որեւէ մեղադրանքի։ Իրավապահներն առգրավել էին որոշ իրեր, այդ թվում՝ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, ինչի իրավունքը չունեին, ընդ որում՝ խլել էին ուժով։ Նկատենք, որ Տարոն Մանուկյանի բնակության վայրը խուզարկելու որոշում եղել է, բայց պատգամավորի նկատմամբ որեւէ դատավարական գործողություն իրականացնելու թույլտվություն չի եղել։ Այլ խոսքով՝ իրավապահները հափշտակել էին անձռմխելիություն ունեցող պատգամավորի հեռախոսը, քանզի այն առգրավելու թույլտվություն դատարանից չէին ունեցել։
Կատարված ապօրինության մասին պատգամավորը բարձրաձայնել էր հենց նույն օրը, սակայն դատախազությունը վարույթ չէր նախաձեռնել ԱԱԾ աշխատակիցների կողմից իրենց լիազարություններն անցնելու, չարաշահելու, պատգամավորի հեռախոսը հափշտակելու համար, ինչից հետո՝ հուլիսի 17-ին պատգամավորը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։Երեք շաբաթ անց ՔԿ-ն վերադարձրեց պատգամավորի հեռախոսը։
Ինչ վերաբերում է դատախազություն ներկայացված հաղորդմանը, ապա առ այս պահը քրեական վարույթ նախաձեռնված չէ։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ հաղորդման հետագա ընթացքը լուծելու նպատակով այն ուղարկվել է նախաքննություն իրականացնող մարմին, թե որ մարմին՝ չի հստակեցվում։ Այս պահին ՀՀ-ում գործող այլևս երկու նախաքննական մարմինները՝ թե՛ ՔԿ-ն, թե՛ ՀԿԿ-ն պնդում են, որ հանցագործության մասին հաղորդումը չեն ստացել։ Այլ խոսքով՝ հաղորդումը ներկայացվելուց հետո այն տևական ժամանակ մնացել է դատախազությունում, ապա դատախազությունից դուրս է եկել և «անհետացել»։