Վարդավառին «Հայաստան» բառը Googlе–ում ավելի շատ են որոնել, քան Լոպեսի համերգին․ մեդիափորձագետ


Վարդավառին «Հայաստան» բառը Googlе–ում ավելի շատ են որոնել, քան Լոպեսի համերգին․ մեդիափորձագետ
Օգոստոս 5 09:09 2025

Աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի համերգի հետ կապված` այս օրերին Googlе որոնողական համակարգում Հայաստանի նկատմամբ հետաքրքրության անոմալ աճ չի նկատվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Ըստ նրա` Վարդավառի ժամանակ «Հայաստան» անունը Googlе–ում ավելի շատ են որոնել, քան այս օրերին։

«Բայց պետք է հաշվի առնենք, որ նախ Ջենիֆեր Լոպեսն արդեն երկրորդ էշելոնի աստղ է, հետո սա նրա շրջագայության մի մասն է միայն։ Նա գնում է քաղաքից քաղաք, երկրից երկիր, այնպես չէ, որ սա իր վերջին համերգն էր, որ սրա վրա սևեռվի ամբողջ աշխարհը։ Լոպեսի համերգի վրա սևեռվել էին միայն հայ օգտատերերն ու ՀՀ կառավարության անդամները»,– նշեց մեդիափորձագետը։

Սամվել Մարտիրոսյանը հիշեցրեց, որ Քիմ Քարդաշյանի Հայաստան այցի ժամանակ, ի տարբերություն այս օրերի, Googlе–ում «Հայաստան» բառն աննախադեպ շատ էին որոնել։

«Այդքան շատ քանակի երբեք չէր եղել, բայց Հայաստանը որոնողական համակարգում շատ մեծ թվերի է հասել օրինակ` պատերազմի օրերին, ինչպես նաև «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմից հետո, երբ դրվագ կար, որտեղ գլխավոր հերոսները Հայաստանի մասին են խոսում»,– ասաց նա։

Սամվել Մարտիրոսյանը հավելեց, որ չհաշված այս մի քանի եզակի դրվագների` մեր երկրում դրական մեդիաէֆեկտ առաջացնել չի հաջողվում, ի տարբերություն հարևան Վրաստանի, որոնք, ըստ փորձագետի, այս հարցում շատ ավելի ճկուն են։