Իշխանության անգործության հետևանքով այս պահին հեղուկ գազի գինը տարածաշրջանում ամենաբարձրերից է, գործ ունենք շուրջ 80% թանկացման հետ․ Դանիելյան


Իշխանության անգործության հետևանքով այս պահին հեղուկ գազի գինը տարածաշրջանում ամենաբարձրերից է, գործ ունենք շուրջ 80% թանկացման հետ․ Դանիելյան
Հուլիս 31 17:25 2025

Օրերս անդրադարձել էի վերջին շրջանում ՀՀ տարածքի գազալցակայաններում հեղուկ գազի արժեքի սրընթաց աճին։ Այս օրերին մեր հայրենակիցները ստիպված են հեղուկ գազի 1 լիտրի դիմաց վճարելու 200 դրամ և ավելին»,- գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա հավելել է․

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ 2025 թվականի հուլիսին հեղուկ գազի գների բարձրացումը պայմանավորված է եղել մի շարք հանգամանքներով, որոնցից է սեզոնայնությամբ պայմանավորված՝ պահանջարկի մեծացումը, ինչն էլ գերազանցել է առաջարկը։

Սա ինձ համար անհասկանալի և անտրամաբանական մեկնաբանություն է, քանի որ, սովորաբար, ամռանը նկատվում է հեղուկ գազի գնի նվազում։

Հատկանշական է, որ էկոնոմիկայի նախարարը պարբերաբար ծանուցում է սահմանն անցնող բեռնատարների մասին՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե լոգիստիկ խնդիրները վերացել են:

Մինչդեռ ՄՊՀ-ն, որպես ստեղծված իրավիճակի պատճառ, նշում է նաև Վրաստանում արձանագրված լոգիստիկ խնդիրները:

Ստացվում է, որ էկոնոմիկայի նախարարի և ՄՊՀ-ի հայտարարությունների մեջ կան հակասություններ:

Բազմիցս արձանագրել եմ, որ այս իրավիճակը իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն է:

Շարունակում է խոչընդոտվել հեղուկ գազով բեռնված բազմաթիվ բեռնատարների մուտքը ՀՀ՝ հանգեցնելով դեֆիցիտի և գնագոյացման։

Տնտեսավարողները ստիպված են անձամբ լուծելու իրենց խնդիրները՝ չունենալով պատկան մարմիններից որևէ աջակցություն։ Կան խոսակցություններ, որ սահմանն անցնելու համար բեռնատարների վարորդներից պահանջվում է հսկայական գումար։

Իշխանությունների անգործության հետևանքով այս պահին հեղուկ գազի գինը տարածաշրջանի մյուս երկրների համեմատ ամենաբարձրերից է։ Գործ ունենք շուրջ 80% թանկացման հետ։

Եվս մեկ անգամ խնդրի շուրջ եմ հրավիրում պատկան մարմինների և ՄՊՀ-ի ուշադրությունը։

Այլապես, առաջիկա օրերին ականատեսը կլինենք հեղուկ գազի արժեքի էլ ավելի բարձրացմանը, ինչը հսկայական բեռ է դառնալու մեր քաղաքացիների համար»։