«Բոլոր տեսագրությունները նայելուց հետո կարող եմ մի բան ասել՝ որևէ արատավորող տեղեկություն, իմ գնահատմամբ, գոյություն չուներ, հնարավոր չի չհամաձայնվել բոլոր այն հայտարություններին, որոնք այդ տեսագրություններում լսում ենք Էդգար Ղազարյանից»,- Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ-ի գործով» դատական նիստից հետո լրագրողներին ասաց պաշտպան Արսեն Բաբայանը։
Նշենք, որ այսօրվա նիստում շարունակվել են մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցների հետազոտումը, մասնավորապես, հետազոտվել են Է.Ղազարյանի հրապարակային խոսքն արտացոլող տեսագրությունները։
Արսեն Բաբայանն ասաց, որ բոլոր պաշտպանները նշել են՝ արատավորող տեղեկություն, վիրավորանք, զրպարտություն տարբեր հասկացողություններ են և վերջնական արդյունքում դատարանը պետք է գնահատի։
«Մենք մեր եզրափակիչ ելույթներում դրա առանձին գնահատականները կտանք»,- ասաց պաշտպանը։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար. դատարանը սահմանափակել էր հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն: