Գլոբալ տաքացում, ջերմոցային գազեր ու ջերմոցային էֆեկտ․ Կամո Աթայանի անդրադարձը


Գլոբալ տաքացում, ջերմոցային գազեր ու ջերմոցային էֆեկտ․ Կամո Աթայանի անդրադարձը
Հուլիս 26 16:01 2025

Շարունակում ենք զրույցների շարքը՝ մարդուն հուզող հարցերից՝ եղանակի, գլոբալ տաքացման երևույթի և մեր շրջապատում տեղի ունեցող այլ կենսական հետաքրքրություն ներկայացնող երևույթների մասին:

 

Այսօր մատչելի, ընկալելի ձևով կներկայացնենք գլոբալ տաքացում առաջացնող երևույթի՝ ջերմոցային էֆեկտի, այն «ստեղծող» գազերի ու նրանց որոշ հատկությունների մասին:

 

Երկիր մոլորակն արեգակնային էներգիա ստանալով՝ տաքանում է և, ինչպես ցանկացած տաք մարմին, սկսում է շրջապատին էներգիա տալ ճառագայթման միջոցով: Այս երևույթը բնական է և ընթանում է շատ երկար ժամանակ:

 

Ինչպես հայտնի է՝ Երկրի մթնոլորտը կազմված է ազոտից, թթվածնից, ածխաթթու գազից, օզոնից, ջրային գոլորշուց և քիչ քանակությամբ այլ գազերից: Նշված գազերի խառնուրդը կոչվում է օդ:

 

Մարդու արտադրական գործունեության աճի շնորհիվ նկատելի է դարձել, որ Երկրի միջին ջերմաստիճանը ևս աճում է:

 

Ածխաթթու գազը, մեթանը, ջրային գոլորշին, օզոնը, որոնց, ինչպես նշվեց, անվանում են նաև ջերմոցային գազեր, կատարում են ևս մի գործառույթ, որի շնորհիվ տաքացած Երկրից արձակված ջերմային էներգիայի մի մասը նրանք կլանում են՝ դրանով իսկ լրացուցիչ ջերմային էներգիա թողնելով մթնոլորտային շերտի ու Երկրի մակերևույթի միջև: Դրա շնորհիվ Երկրի ու նրան հարող օդի շերտերի ջերմաստիճանը բարձրանում է: Եթե թվարկած ջերմոցային գազերը չլինեին, ապա Երկրի միջին ջերմաստիճանը կլիներ մինուս – 18 աստիճան, ըստ Ցելսիուսի, բայց իրականում այն մոտ պլյուս 15 աստիճան է:

 

Գիտությունը ջերմոցային էֆեկտ է անվանում Երկրի մթնոլորտի ստորին շերտերի ջերմաստիճանի բարձրացման երևույթը՝ համեմատած, այսպես կոչված, էֆեկտիվ ջերմաստիճանի հետ: Էֆեկտիվ ջերմաստիճանը մոլորակի ջերմային ճառագայթման ջերմաստիճանն է, որը դիտվում (չափվում) է տիեզերքից:

 

Ջերմոցային էֆեկտի մասին առաջին անգամ 1827թ. գրել է Ջոզեֆ Ֆուրյեն: Նա իր «Երկրագնդի և այլ մոլորակների ջերմաստիճանների մասին» հոդվածում փորձում էր նկարագրել Երկրի կլիմայի ձևավորման մեխանիզմը: Ֆուրյեն նշում է, որ Երկրի մթնոլորտի օպտիկական հատկությունները ինչ-որ չափով նման են ապակու նմանատիպ հատկություններին՝ նրա թափանցիկությունը ինֆրակարմիր տիրույթի համար ավելի փոքր է, քան տեսանելի տիրույթի դեպքում: Նման հետևության հանգելու համար նա վերլուծել է Օրաս Բենեդիկտ դը Սոսյուրի հայտնի փորձը, երբ «հելիոջերմաչափը» տեղադրվում է ուղիղ Արեգակի դիմաց, նրա ներսում ջերմաստիճանը հասնում էր 109 աստիճանի, ըստ Ցելսիուսի: Այդպիսի «փոքր ջերմոցի» ջերմաստիճանի աճը Ֆուրյեն բացատրեց երկու բաղադրիչներով՝ կոնվեկտիվ ջերմափոխանակության բլոկավորմամբ և տեսանելի ու ինֆրակարմիր տիրույթներում ապակու տարբեր թափանցիկությամբ:

 

Վերջին բաղադրիչը հետագայում գիտության մեջ սկսեցին անվանել «ջերմոցային էֆեկտ»: Դա այն է, երբ ապակին կլանելով տեսանելի լույս, տաքանում է և սկսում է արձակել ջերմային (ինֆրակարմիր) ճառագայթում: Քանի որ ապակին թափանցիկ է տեսանելի լույսի համար և անթափանց է ջերմային ճառագայթման համար, ջերմության հավելյալ կուտակումը առաջացնում է ջերմաստիճանի աճ:

 

Ի դեպ` դեռևս 1896 թվականին շվեդացի գիտնական Սվանտե Ավենարիուսը վարկած առաջադրեց, ըստ որի, ածխաթթու գազի կոնցենտրացիայի նվազումը Երկրի մթնոլորտում կարող է պատճառ հանդիսանալ սառցապատման շրջանների առաջացման համար (դրա մասին մենք դեռևս կխոսենք):

 

Ինչպես արդեն նշվեց` Երկրի մթնոլորտում ջերմոցային էֆեկտի համար պատասխանատու գազերը՝ ջրային գոլորշին, ածխաթթու գազը, օզոնը և մեթանը հիմնականում կլանում են ինֆրակարմիր լույսը՝ առաջացնելով այդ երևույթը:

 

Ջերմոցային երևույթի առաջացման գործում հատկապես մեծ ներդրում ունի ջրային գոլորշին: Պարզ է, որ խոսքը գնում է մթնոլորտի խոնավության մասին:

 

Ածխաթթու գազը մթնոլորտային օդի հիմնական բաղադրիչներից է: Ըստ հետազոտությունների՝ նրա այժմյան քանակը մթնոլորտում առավելագույնն է վերջին 800 000 տարվա ընթացքում:

 

Ջերմոցային էֆեկտում ունեցած ներդրմամբ վերը նշված գազերը կարելի է դասակարգել այսպես՝

 

.Ջրային գոլորշի՝ 36-72 տոկոս,

 

.Ածխաթթու գազ (ածխածնի երկօքսիդ) ՝9-26 տոկոս,

 

.Մեթան՝ 4-9 տոկոս,

 

.Օզոն՝3-7 տոկոս:

 

Գիտությունը վաղուց ապացուցել է, որ նույն ատոմներից կազմված մոլեկուլները չեն կարող ուղղակիորեն կլանել ինֆրակարմիր ճառագայթումը: Ուրեմն` ազոտի, թթվածնի, արգոնի դեպքում ունենք համարյա 0-ական ներդրում` ջերմոցային էֆեկտի մեջ, իսկ մթնոլորտային մյուս գազերը՝ ջրային գոլորշին, ածխաթթու գազը, մեթանը և օզոնը ընդհակառակը` կլանում են տաքացած մոլորակից արձակված ճառագայթումը՝ առաջացնելով ի վերջո նաև գլոբալ տաքացում, որը երկրային քաղաքակրթությանն առաջադրում է դժվարին խնդիրներ, որոնց մասին մենք առաջիկայում կխոսենք:

 

Շարունակելի․․․

Կամո Աթայան

26.07.25թ.

 

Հ․Գ․ Երեկ առանձին հրապարակմամբ կրկին անդրադարձել էինք թեմային՝ տալով ի՞նչ է գլոբալ տաքացումը և ինչո՞ւ է այն վտանգավոր հարցերի պատասխանները։

 

Նշվել է, որ այն, ինչ տեղի է ունենում ներկայումս մթնոլորտի հետ, մասնավորապես, միջին ջերմաստիճանի նկատելի աճը, պայմանավորված է վերջին 130-150 տարիների ընթացքում մարդու բուռն արտադրական գործունեությամբ, որը ուղեկցվում է դեպի մթնոլորտ, այսպես կոչված, ջերմոցային գազերի մեծ արտանետումներով։

 

Հոդվածի առաջին մասն՝ ամբողջությամբ։