Ես իմ օրինակով փորձում եմ ցույց տալ, որ պետք չէ վախենալ զգայուն խնդիրների բարձրաձայնումից. ՄԻՊ


Ես իմ օրինակով փորձում եմ ցույց տալ, որ պետք չէ վախենալ զգայուն խնդիրների բարձրաձայնումից. ՄԻՊ
Հուլիս 24 10:23 2025

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը որպես խոսնակ մասնակցել է «Աջակցություն կանանց զորացմանն ու տնտեսական անկախացմանը» ծրագրի շրջանակներում իրականացվող զրույց-քննարկմանը:

 

Միջոցառումը նախաձեռնել էր «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ՝ «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Հանդիպման մասնակցել են տեղահանված և տարբեր խոցելի խմբեր ներկայացնող կանայք:

 

Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման ձևաչափի միջոցառումների կարևորությունը խոցելի տարբեր խմբերի ձայնը լսելի դարձնելու և զգայուն հարցերը բարձրաձայնելու տեսանկյունից․

 

«Շատ կարևոր են նման միջոցառումները։ Դրանց մասնակցությունն ու հանրայնացումն օգնում են, որ մարդիկ, ովքեր ունեն տարբեր խնդիրներ, հասկանան, որ իրենք միայնակ չեն։ Մենք պետք է միասին լինենք, պատրաստ՝ հասկանալու միմյանց խնդիրներն ու իրար աջակից լինելու»։

 

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ իր գործունեության կարևոր ուղղություններից են կանանց և խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կառուցել համերաշխ հասարակություն, որտեղ մարդիկ ոչ միայն հանդուրժող են միմյանց առանձնահատկությունների նկատմամբ, այլև՝ աջակցող. «Մեր օրինակով պետք է ցույց տանք, որ անկախ յուրաքանչյուրիս ունեցած առանձնահատկություններից` բոլորի նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի արժանապատիվ, հավասար, համերաշխ և հարգալից»։

 

Պաշտպանը հանդիպման ընթացքում ներկայացրել է նաև իր աշխատանքային առաջնահերթությունները՝ ընդգծելով հատկապես տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, սոցիալ-հոգեբանական աջակցության կարևորությունը, իրավահավասարության երաշխավորումը։

 

Անահիտ Մանասյանը նշել է, որ մի շարք խնդիրներ համակարգային են, օրինակ` հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերելի, բայց կրկնակի խոցելիություն են ձեռք բերում տեղահանված անձանց պարագայում: Ավելին, բազմաթիվ դեպքերում նույնիսկ այս խնդիրների առնչությամբ հանրային ընկալումներն են ձևախեղված:

 «Ես իմ օրինակով փորձում եմ ցույց տալ, որ պետք չէ վախենալ զգայուն խնդիրների բարձրաձայնումից։ Դրանք պետք է գիտակցել, ճիշտ հասցեավորել և գտնել լուծման պատշաճ ուղիներ»,- եզրափակելով խոսքը՝ ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։

 

Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել Պաշտպանի հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկելու իրենց հուզող հարցերը։–00—ՍՊ