Պետական պաշտոնյայի հետ հանդիպումից հասկացա՝ «եղունգ ունեք, գլուխներդ քորեք». Ծաղկեգործ


Պետական պաշտոնյայի հետ հանդիպումից հասկացա՝ «եղունգ ունեք, գլուխներդ քորեք». Ծաղկեգործ
Հուլիս 15 15:20 2025

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր Ռուսաստան ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված տնտեսավարողների հետ հանդիպում էր կազմակերպել։

 

Հիշեցենք, որ վերջին օրերին Էջմիածին քաղաքի Զվարթնող գյուղի ծաղկեգործները բողոքի ակցիա էին անում։ Նրանք բողոքում են, որ չեն կարողանում իրենց ծաղիկներն արտահանել Ռուսաստան։ Նրանք իրենց արտադրանքի մեծ մասը հենց ՌԴ են արտահանում։

 

Ռուսաստանի Ռոսսելխոզնադզոր դաշնային ծառայությունը հայտնել էր՝ մտադիր է 2025-ի հունիսի 16-ից ժամանակավոր արգելք սահմանել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծման վրա։ Ծառայությունից հայտնել են, որ այս որոշումը պայմանավորված է Հայաստանից մատակարարվող ծաղիկների մեջ բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային վնասատուների բազմակի հայտնաբերմամբ։

 

Հանդիպումից հետո ծաղկեգործ Արտակ Թովմասյանը լրագրողներին ասաց. «Մեր բոլոր հարցերը տվեցինք, պատասխանները ստացանք, բայց ոչ բոլոր պատասխաններն են մեզ գոհացնում»։

 

Նա նշեց, որ հարց են տվել՝ եթե մի մեքենայի մեջ մի քանի արտադրողի ծաղիկ է գնում՝ ամբողջ խմբաքանա՞կն է այրվելու, ասում են՝ այո։  

 

«Պայմանավորվածությունն այնպես է, որ իրենք պետք է գան ու բոլոր տնտեսությունները տեսնեն, ուսումնասիրեն և հետո տան ֆիտոսանիտարական ստուգման թուղթ։ Հարցը բարձրացրեցի՝ ֆիզիկապես չեք կարող բոլորին ստուգել կարճ ժամանակում, մարդիկ այս պահի դրությամբ ծաղիկ են թափում։

 

Կամ ասում եմ, օրինակ, մենք պետք է ծաղիկը վերցնենք ու տանենք ֆիտոսանիտարիա, ստուգեն։ Հարց եմ տալիս՝ եթե ստուգված ծաղիկը ՌԴ-ն չի ուզում ընդունի, ենթադրենք, ասում է ծաղիկի վրա կա տրիպս, մեր ֆիտոսանիտարիան իրենց ֆիտոսանիտարիայի հետ ինչպե՞ս է կռվելու։ Պարզ տրամաբանական հարց է՝ Հայաստանում նորմալ է, մտել է Ռուսաստան, նորմալ չէ։

 

Պատասխան չկա»,- ասաց Ա. Թովմասյանը

 

Հարցին՝ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ են այս ամենում, կապո՞ւմ են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, ծաղկեգործն ասաց. «Իհարկե, միանշանակ։ Եթե 15 տարի ծաղիկ եմ ուղարկել, եղել է և տրիպսով, ինչ-որ չափաքանակ այրել են, դա իմ խնդիրն է եղել, ես եմ պատժվել։ Իսկ եթե այսօր համատարած չեն թողնում, ուրեմն դա քաղաքական է։ Իսկ թե ինչու է քաղաքական, չեմ կարող պատասխանել»։

 

Իսկ ի՞նչ ակնկալիք ունեն այսօրվա հանդիպումից հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Մենք հասկացանք, ես ենթադրել եմ՝ եղունգ ունեք, գլուխներդ քորեք»։ 

 

«Պետական ոչ մի աջակցություն չկա, արտադրողի կողքը ոչ ոք կանգնած չէ։ Չկա ջերմատերերի խնդրով զբավող պետական կառույց, որ նախօրոք իմանանք, որ վարկ չվերցնենք, աշխատող չվարձենք։ Եկել է հունիս ամիսը, պարզվում է՝ մեր ծաղիկը չի համապատասխանում Ռուսաստանի ֆիտոսանիտարիայի հսկողությանը, անցած 15 տարիներին խնդիրներ չեն եղել։ 

 

Իմ հետ դեպք է եղել՝ իմ ծաղիկը եղել է վնասատուներով, այրել են, տուգանել են, ու նորից երկրորդ անգամ տարել եմ, խնդիր չի եղել, անցել է։ Իսկ սա կրում է համատարած բնույթ»։ 

 

Ա. Թովմասյանն ասաց, որ այսօր 18․00-ին հավաքվելու են Զվարթնոցում, որպեսզի ներկայացնի այսօրվա հանդիպման արդյունքները՝ որոշում կայացնելու համար։