Սպասվող զիջումների ֆոնին իշխանությունը նախապես մեկուսացնում է ընդդիմախոսներին. Աննա Գրիգորյան


Սպասվող զիջումների ֆոնին իշխանությունը նախապես մեկուսացնում է ընդդիմախոսներին. Աննա Գրիգորյան
Հուլիս 9 13:14 2025

Այս գործընթացներում դատարանի արդար դատավճիռներ սպասելն անմիտ է, դատարանի բակում, որտեղ քննվում է պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի հարցը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը։

 

«Հաշվի առնելով, որ սույն դատավորը որոշում է կայացրել նաև Սամվել Կարապետյանի մասով, ակնհայտ է, որ մեզնից որևէ մեկը դրական սպասումներ չունի»,-ասաց Գրիգորյանը։

 

Նրա խոսքով՝ պետք է հասկանալ՝ երկրում տեղի ունեցող իրադարձությունները մեր գործընթացի տարբեր տարրեր են։

 

«Հարձակումը եկեղեցու, մեծ բարերարի, «Հայաստան» խմբակցության նկատմամբ ուսումնասիրելով պետք է հասկանանք, թե ինչու է սա տեղի ունենում։ Երկու պատճառ կարող եմ բերել. մեկը՝ 2026 թվականի ընտրություններն են։ Բոլոր հիմնական դերակատարներին քաղաքական գործընթացներից փորձում են մեկուսացնել։ Բայց իմ հիմնական վարկածն այն է, որ առաջիկայում սպասվում են այնպիսի զիջումներ իշխող վարչախմբի կողմից, որ իրենց պետք է մեկուսացնել բոլոր այն դերակատարներին, ովքեր կարող են ազդեցություն ունենալ դիմադրելու որոշումների վրա»,-ասաց Գրիգորյանը։