Ականատես ենք արքեպիսկոպոսի նկատմամբ խիստ բացասական վերաբերմունքի. Միքայել սրբազանի փաստաբանը նիստը նախագահող դատավորին բացարկ հայտնեց


Ականատես ենք արքեպիսկոպոսի նկատմամբ խիստ բացասական վերաբերմունքի. Միքայել սրբազանի փաստաբանը նիստը նախագահող դատավորին բացարկ հայտնեց
Օգոստոս 18 15:34 2025

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով երկրորդ դատական նիստին սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց, որով բացարկ հայտնեց նիստը նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանին։

 

Փաստաբանն ասաց, որ դատական նիստի ընթացում ականատես են լինում Հայ առաքելական եկեղեցու արքեսպիկոպոսի նկատմամբ խիստ բացասական վերաբերմունքի։

 

Փաստաբանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք դատավորը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, թե՞ ոչ։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանն ասաց, որ այդ հարցերին պատասխանելու պարտավորություն չունի։

 

Հիշեցնենք, որ առաջին դատական նիստի ընթացքում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանը և Արա Զոհրաբյանը կալանքը վերացնելու մասին միջնորդություն ներկայացրեցին, սակայն դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժեց միջնորդությունը։ Դատարանը 10 օրով երկարաձգեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը։

 

Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։