Արարատի մարզում «BYD»-ն վրաերթի է ենթարկել մորն ու աղջիկ երեխային․ վերջիններս մահացել են


Արարատի մարզում «BYD»-ն վրաերթի է ենթարկել մորն ու աղջիկ երեխային․ վերջիններս մահացել են
Հուլիս 9 10:06 2025

Երեկ՝ հուլիսի 8-ին, ողբերգական վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Դաշտավան գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Գևորգ Ս․-ն իր վարած «BYD» էլեկտրոմոբիլով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Գեղարքունիքի մարզում հաշվառված, սակայն նշված գյուղում բնակվող 40-ամյա Աննա Գ․-ին և նրա դստերը՝ 14-ամյա Մոնիկա Կ․-ին ապա բախվել է Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Ներսես Ա․-ի վարած «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենային։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և քաղաքացիների հետ փորձել է առաջին բուժօգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, սակայն օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է Աննա Գ․-ի մահը, իսկ երեխային ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Մասիս» բժշկական կենտրոն։Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։

 

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկված երեխան վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։

 

Դեպքի վայր է ժամանել նաև Մասիս խոշորացված համայնքի Դաշտավան բնակավայրի վարչական ղեկավար Սանասար Խաչատրյանը։ Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։