Ավտովթար՝ Հաղարծնի խաչմերուկում․ կան վիրավարներ


Ավտովթար՝ Հաղարծնի խաչմերուկում․ կան վիրավարներ
Հուլիս 7 16:21 2025

 

Երեկ՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Հաղարծին վանական համալիրի խաչմերուկում, բախվել են 50-ամյա Ժիրայր Գ․-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի, 35-ամյա Դավիթ Օ․-ի վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի և 38-ամյա Թաթուլ Ե․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է պատնեշին և կողաշրջված հայտնվել կանաչ գազոնի վրա։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և քաղաքացիներին օգնել ուղղել «Ford Transit»-ը։

 

Վթարի մասին ոստիկանության Դիլիջանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։