«Հրապարակ» գրում է ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովը, որը կայանալու է հուլիսի 12-ին` Գորիսում, «բրոնյա» են արվել Գորիսի գրեթե բոլոր հյուրանոցները։ Քաղաքում 10 հյուրանոց է գործում, սակայն այդ օրն ազատ համար գրեթե չկա ոչ մի տեղ: Իշխանական էլիտան` մոտ 200 հոգի՝ կառավարության, օրենսդիր մարմնի անդամներ, տարածքային կառույցների ներկայացուցիչներ, մարզպետներ եւ այլք, երկու օր կանցկացնեն Գորիսում։ Հյուրանոցային համարների բրոնյայով զբաղվել է գորիսեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Ասում են՝ կաշվից դուրս է եկել հավուր պատշաճի միջոցառումն ու հյուրընկալությունն անցկացնելու համար:
Ծրագրել է, որ Փաշինյանը կարողանա զբոսնել Գորիսում եւ նրան փողոցում «ջերմ բարեւեն, սեր ու աջակցություն հայտնեն» նախապես պարապացրած քաղաքացիները: Հույս ունի այդկերպ շահել Փաշինյանի վստահությունը եւ ընտրվել ՔՊ վարչության անդամ, որի համար ինքնաառաջադրվել է։ Իշխանական քաղաքական ժողովները սովորաբար մերձեցման միջոցառումներ են լինում, որոնց ընթացքում Փաշինյանը զոնդաժ է անում թիմին կարեւոր հարցերում ինչպես դրսեւորվել, ինչ պատասխաններ տալ լրագրողներին, հընթացս էլ սպառնում է թիմակիցներին հանկարծ չմտածեն նավը լքելու մասին, հակառակ դեպքում իրենց տխուր օրեր է սպասվում։ Իսկ այս ժողովին թեմաների պակաս հաստատ չի լինելու՝ եկեղեցու, ընդդիմադիր եւ հոգեւոր «ահաբեկիչների» հարցերը, ինչպես նաեւ սեպտեմբերին սպասվող համագումարի հարցերը: Ոչ միայն ողջ հանրության ուղեղները լվանալու կարիք կա, այլեւ սեփական թիմակիցների, որոնք հանկարծ չկասկածեն, որ առաջնորդն «ամեն ինչ ճիշտ է անում» եւ հմայված նապաստակների նման օձի երախը գնան։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 05․ 07․ 25 թ համարում։