Ալիևը նշել է՝ Արցախն Ադրբեջանի անբաժանելի մասն է՝ «մոռանալով» հիշատակել, որ այն հայ ժողովրդի պատմության սերտ մասն է կազմել մ.թ.ա. 6-րդ դարից


Ալիևը նշել է՝ Արցախն Ադրբեջանի անբաժանելի մասն է՝ «մոռանալով» հիշատակել, որ այն հայ ժողովրդի պատմության սերտ մասն է կազմել մ.թ.ա. 6-րդ դարից
Հուլիս 4 23:20 2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Ստեփանակերտում կայացած «Տնտեսական համագործակցության կազմակերպության» (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովի բացման իր ելույթը՝ ի հակադրություն գագաթնաժողովի բուն՝ առևտրատնտեսական կապերի ամրապնդման ռազմավարական հարցերի քննարկման նպատակների, ամբողջությամբ ծառայեցրել է հակահայկական հռետորաբանությանը՝ արծարծելով բացառապես ռասայական ատելություն հրահրող ու կեղծ թեզերի։

 

ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունն անդրադարձել է Ալիևի ելույթին. 

 

«Ելույթի սկզբում Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է՝ միջազգային գործընկերների մոտ ստեղծելով թյուր կարծիք ՄԱԿ-ի կողմից սահմանված ազգերի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման վերաբերյալ, «մոռանալով» նաև հիշատակել, որ Արցախը և նրան հարող Ուտիքը պատմական Մեծ Հայքի հյուսիսարևելյան նահանգներն են եղել և հայ ժողովրդի պատմության սերտ մաս կազմել առնվազն մ. թ. ա. 6-րդ դարից՝ հանդիսանալով Երվանդունիների հայոց թագավորության սահմանային նահանգները:

 

Իսկ հետագայում, Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ինքնորոշման, պատմական հայրենիքում սեփական ինքնությամբ ապրելու իրավունքի իրացման ճանապարհին, հետևողականորեն ոտնահարվել է թե՛ խորհրդային, և թե՛ անկախ Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ շարունակաբար իրականացնելով հայության դեմ ուղղված բռնաճնշումներ։

 

Իլհամ Ալիևն իր ելույթում խոսել է Լեռնային Ղարաբաղում ընթացող լայնածավալ վերականգնման և շինարարական աշխատանքների մասին՝ «մոռանալով» նշել, որ իր հրամանով հայկական պատմական թաղամասերի, գյուղերի ու տների հիմնահատակ ոչնչացումն ու համատարած թալանը՝ միջազգային իրավունքով սահմանված հայ ժողովրդի օրինական վերադարձի և սեփականության անձեռնմխելիության իրավունքի կոպիտ խախտումներ են և հանցագործություն՝ ուղղված սերունդներին։

 

Իլհամ Ալիևը հայ ժողովրդին է մեղադրել ադրբեջանցիների հանդեպ էթնիկ զտումների իրականացման և տեղահանության մեջ, չհիշատակելով, որ 2020–2023 թվականների ընթացքում՝ Լեռնային Ղարաբաղի հայկական պատմական տարածքները պատերազմական հանցանքներով և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով յուրացնելը, շուրջ 120,000 արցախահայերի համար ցեղասպանական իրական վտանգի ստեղծմամբ բռնի տեղահանելը, հայ ժողովրդի պատմական հայրենիքը բնիկ ժողովրդից դատարկելն ու պատմական ներկայության անհերքելի ապացույցները ոչնչացնելը հենց էթնիկ զտումներ են։

 

Մասնավորապես, 2023 թ․ հոկտեմբերի 12-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» N 2517 բանաձևում Ադրբեջանի կողմից 2023 թ․ սեպտեմբերի 19-ին իրականացված գործողությունները և դրան նախորդած՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամը էթնիկ զտումներ է համարել, նշելով, որ տարածաշրջանի գրեթե ողջ հայ բնակչությունը՝ լքել է իր պապենական հայրենիքը և փախել Հայաստան ֆիզիկական ոչնչացման վտանգի, Ադրբեջանի կառավարության երկարամյա հայատյաց քաղաքականության պատճառով։

 

Իլհամ Ալիևն իր ելույթում խոսել է նաև մշակութային հուշարձաններից՝ Հայաստանին մեղադրելով մզկիթների ոչնչացման մեջ։ Զարմանալի է, որ հուշարձանների ոչնչացումից է խոսվում մի պետության կողմից, որը պետական բարձր հովանավորչությամբ իրականացվող ռազմավարությամբ թե՛ Նախիջևանում է ոչնչացրել Ջուղայի հազարավոր խաչքարեր, տապանաքարեր ու եկեղեցիներ, և թե՛ Լեռնային Ղարաբաղում է շարունակում էթնո-մշակութային եղեռնը, որպեսզի այդ տարածքներում հայ ժողովրդի պատմական վկայությունները վերանան։ Ավելին, յուրացման քաղաքականությունը շարունակվում է հենց գագաթնաժողովի ընթացքում, քանզի խորհրդակցություններից մեկի ժամանակ պատին է կախվել հայկական Ջրաբերդ տեսակի գորգը։

 

Ադրբեջանի նախագահն իր ելույթում խոսելով 44-օրյա ապատերազմից՝ հազարավոր մարդկանց թափած արյունը, քաղաքացիական անձանց սպանությունը «հաղթանակ» է համարել՝ արդարացնելով գործած պատերազմական հանցանքները, կիրառած ծանր ռազմական ուժը, բայց նաև մոռանալով, որ ՄԱԿ-ի Կանոնադրությունը միջազգային հարաբերություններում արգելում է թե՛ ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքը՝ ուղղված որևէ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ։

Ալիևը շեշտադրել է պատերազմի արդյունքում «ազատագրված» ավելի քան 300 քաղաքների ու գյուղերի մասին՝ մոռանալով, որ այսպես կոչված «ազատագրված» գյուղերը հայ ժողովրդի պատմական հայրենիքն են, պապերի գերեզմանոցն ու ինքնությունը։

 

Պատմական արդարությունից է խոսում մի պետություն, որի կողմից իրականացված գործողությունները, պատերազմական հանցանքներն ու հայ ժողովրդի ինքնության խեղաթյուրման գործընթացները ՄԱԿ-ի Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի կողմից ռասայական խտրականություն են որակվել՝ հայատյացության հռետորաբանության ամենաբարձր դրսևորմամբ։

 

Իլհամ Ալիևը նաև հայերին է մեղադրել է իսլամի հանդեպ անհանդուրժողականության մեջ՝ չհիշատակելով, որ անգամ հայ ժողովրդին իր բնիկ երկրից բռնի տեղահանելուց հետո պղծում է քրիստոնեական արժեքները, քրիստոնեական հազարամյա պատմությամբ եկեղեցիները ոչնչացնում, ադրբեջանականացնում ու աղվանացնում է՝ խախտելով հայ ժողովրդի կրոնական իրավունքները։

 

Իլհամ Ալիևը խոսել է նաև այսպես կոչված «Մեծ վերադարձի» ադրբեջանական ծրագրի մասին, որը հենց իր աշխատակազմում ստեղծված ծրագիր է, առնչություն չունենալով պատմության որևէ փուլի հետ և հետապնդում է Ադրբեջանի տարածքներից դուրս, հայ ժողովրդի բնիկության հաշվին հնագույն երկրի կերպար ստեղծելու նպատակ։

 

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը խստորեն դատապարտում է հայ ժողովրդի հայրենիքում միջազգային ապատեղեկատվության քարոզը, տարբեր հարթակները հակահայկական հռետորաբանությանը ծառայեցնելը։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը ձեռնարկել հստակ քայլեր, որ խտրական ու բռնության հրահրող հռետորաբանությունը արժանանա միջազգային պատշաճ արձագանքի, դատապարտվի՝ վերականգնելով բռնի տեղահանված հայ ժողովրդի իրավունքները սեփական հայրենիքի նկատմամբ»։