ՔՊ-ն իրեն դրել է հանուն իրենց կուսակցության գործող ստուգող մարմնի, օպերլիազորի, քննիչի, դատավորի դերում. Թաթոյան


ՔՊ-ն իրեն դրել է հանուն իրենց կուսակցության գործող ստուգող մարմնի, օպերլիազորի, քննիչի, դատավորի դերում. Թաթոյան
Հուլիս 4 22:35 2025

«ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ցույց տվեց, որ Հայաստանում մեկ անձի՝ վարչապետի Ֆեյսբուքի ստատուսով քաղաքացու բիզնեսը կարող են ձեռքից հեշտությամբ վերցնել։ Տեղի ունեցողը բացահայտ ապօրինի գործընթաց է, որին միացավ պետական ամբողջ համակարգը` վնասելով է երկրի հեղինակությունն ու ոտնատակ տալով իրավունքը»,-գրում է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

 

Նա շարունակում է.

 

«Եկեղեցուն աջակցելու վերաբերյալ Սամվել Կարապետյանի հայտարարությունից ժամեր անց նրա նկատմամբ հրատապ կարգով հարուցված քրեական հետապնդումը և նրա կալանավորումը, «Տաշիր պիցցա»-ների ցանցում գործունեության կասեցումները, «Տաշիր գրուպ»-ում խուզարկություններն ու մարդկանց ազատությունից զրկելը պետք է դիտարկել մեկ միասնական շղթայի մաս` հիմնված Կառավարության ղեկավարի քաղաքական հրահանգի վրա։ Ընդ որում, այս ամենն էլ ուղակցվում էր էլեկտրաէներգիայի ընդհատումները համակարգային դարձնելու և միակողմանիորեն ՀԷՑ-ի վրա բարդելու իշխանության քարոզը։

 

Դրանից բացի, ամբողջ գործընթացը զուգակցվում է քաղաքացիների Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների կոպիտ խախտումներով. վարչապետի պաշտոն զբաղեցնող ՔՊ ղեկավարն անձամբ տալիս է ՀԷՑ-ի այն աշխատակիցներին պատժելու սպառնալիքներ, որոնք կմասնակցեն Սամվել Կարապետյանի աջակցության համար հավաքներին, թեև ՀԷՑ-ի ղեկավարությունը չի դադարում կրկնել, որ հենց իրենք կպատժեն ՀԷՑ-ի այն աշխատակիցներին, ովքեր մարդկանց կպարտադրեն մասնակցելու հավաքներին։ Ակնհայտ է, որ ՔՊ-ն իրեն դրել է հանուն իրենց կուսակցության գործող ստուգող մարմնի, օպերլիազորի, քննիչի, դատավորի դերում, ինչի արդյունքում էլ Սամվել Կարապետյանն ապօրինի կալանքի տակ է։

 

Իշխանությունն ամեն օր իր համար փնտրում ու գտնում է նորանոր թիրախներ երկրում ատելությունն ու հասարակության բաժանումն ակտիվ պահելու համար և շարունակում ամենը մատուցել ժողովրդին վերադարձնելու պոպուլիստական լույսի ներքո։

 

Ապացուցում է, որ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն և կուսակցապետություն»։