«Տեսնում եմ իրավիճակը սրելու փորձեր»․ Տեր Մինաս ավագ քահանա Մարտիրոսյանը՝ եկեղեցու դեմ իշխանության արշավի մասին


«Տեսնում եմ իրավիճակը սրելու փորձեր»․ Տեր Մինաս ավագ քահանա Մարտիրոսյանը՝ եկեղեցու դեմ իշխանության արշավի մասին
Հուլիս 1 19:00 2025

Տեր Մինաս ավագ քահանա Մարտիրոսյանը news.am -ին տված հարցազրույցում հարցին, թե Փաշինյանն ասում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներն իր եղբայրներն են, արդյոք այս խոսքերը միտվա՞ծ չեն «գայթակղելու» քահանայաց դասին, պատասխանել է․

 

«Սրանով, կարծում եմ, փորձում են պառակտում առաջացնել, որ ի վերջո քահանաները հպարտանան, ասեն՝ ինչ լավ է, վարչապետը մեզ իր եղբայրն է համարում: Բայց եղբայրն ո՞վ է: Քրիստոսին երբ որ ասացին, որ քո եղբայրները սպասում են քեզ դրսում, նա պատասխանեց՝ իմ եղբայրները նրանք են, որոնք լսում են Աստծո խոսքը և կատարում են այն: Աստծո խոսքը կատարողը պետք է ունենա խոնարհություն, համեստություն, պարկեշտություն, ներողամտություն: Ես այս բաները չեմ տեսնում այն մարդու կողմից, ում մասին դուք նշում եք, ընդհակառակը՝ ես տեսնում եմ իրավիճակը սրելու փորձեր, անընդհատ ցեխ շպրտել, ինչ-որ անհիմն բաներ հրապարակել: Սա վտանգավոր իրավիճակ է, և չափն անցնելու դեպքում կարող է պայթել՝ դրանով վնասելով պետականությանը: Եթե իրենց թվում է, թե անձերի դեմ է այս պայքարը, ապա՝ ոչ: Այս պայքարը եկեղեցու դեմ է: Այս պառակտումները մեզ երբե՛ք օգուտ չեն բերի, երբե՛ք»: