Թույլ տվեք միջազգային դիտորդներին վերահսկել Բաքվում իրականացվող կեղծ դատավարությունները


Թույլ տվեք միջազգային դիտորդներին վերահսկել Բաքվում իրականացվող կեղծ դատավարությունները
Հուլիս 1 18:02 2025

 

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալաստյանի ելույթը` Պորտոյում կայացող ԵԱՀԿ 32-րդ ԽՎ-ում․

 

«Հարգելի գործընկերներ,

 

1951 թվականին վավերացված Ցեղասպանության կոնվենցիան սահմանել է մարդու դեմ ամենածանր հանցագործությունների կանխարգելման և պատժելու իրավական շրջանակը: Սակայն այսօր մենք կանգնած ենք ցավալի իրականության առջև, երբ այս պարտավորությունները անտեսվում են, իսկ միջազգային ինստիտուտները և կազմակերպությունները ձախողել են իրենց հանձնառությունը՝ կանխելու ողբերգական ծանր հետևանքներով ոճրագործությունները:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դրա ցայտուն օրինակն է:

 

2023 թվականին ավելի քան 120,000 բնիկ հայեր ենթարկվեցին բռնի տեղահանության, որին նախորդել էր Լեռնային Ղարաբաղի ամբողջական և դաժան շրջափակումը։ Հազարավոր մարդիկ զրկված էին սննդից, դեղամիջոցներից և վառելիքից: Ամբողջ մի ժողովուրդ հարկադրվեց բռնի տեղահանության՝ զրկվելով իր հազարամյակների բնօրրանից։

 

Պատմության ընթացքում առաջին անգամ Լեռնային Ղարաբաղը դատարկվեց իր բնիկ հայկական բնակչությունից: Տները, դպրոցները, մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացվում են կամ հայտնվել են լիակատար վերացման վտանգի տակ: Սա պարզապես հումանիտար ճգնաժամ չէ, այլ էթնիկ զտման դասական օրինակ, որն, ավաղ, իրականացվեց ԵԱՀԿ պատասխանատվության գոտում:

 

Եվ, այնուամենայնիվ, հակառակ Ադրբեջանի պնդումներին, հատկապես ընդգծում եմ ՝ Ադրբեջանի ագրեսիան չի կարող դիտվել որպես պատմության փակված էջ. հակամարտությունը շարունակում է մնալ ցավոտ իրականություն, քանի դեռ՝

 

150,000 բնիկ հայերին չի վերապահվել միջազգային անվտանգային երաշխիքների ներքո իրենց վերադարձի անվիճարկելի իրավունքը,

ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացնել Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք, իսկ բռնապետական ռեժիմի առաջնորդը Հայաստանի որոշ տարածքներ հռչակում է «Արևմտյան Ադրբեջան»,

Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները և հայ ռազմագերիները շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ՝ չափազանց մտահոգիչ իրողություններում, զրկված արդա դատավարական գործընթացներից։ Վստահելի զեկույցների համաձայն նրանք ենթարկվում են խոշտանգումների և կեղծ դատավարությունների, որոնք խախտում են միջազգային իրավունքի բոլոր նորմերը:

Սա մեկ առանձին ողբերգություն չէ, այլ գլոբալ մակարդակում ինստիտուցիոնալ մեծ ձախողման դրսևորում, ինչպիսին այսօր տեսնում ենք Գազայում, ուր շարունակվող ցեղասպանական ողբերգության նկատմամբ համաշխարհային արձագանքը թերի է և հատվածական՝ աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված:

 

Երբ որոշների տառապանքը գիտակցվում է, իսկ մյուսներինը՝ մնում լուսանցքում, սա, անշուշտ, խարխլում է արդարության ու մարդկային արժանապատվության համամարդկային սկզբունքները:

 

Ուստի ես կոչ եմ անում Վեհաժողովին և իմ հարգելի գործընկերներին՝

 

Պահանջել բոլոր հայ ռազմագերիների և կալանավորների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակումը, իսկ մինչ այդ ապահովել ԵԱՀԿ միջազգային դիտորդների մասնակցությունը դատավարություններին՝ դիտարկելու նպատակով։

Աջակցել ՅՈւՆԵՍԿՕ-ի հրատապ փաստահավաք առաքելության գործուղմանը՝ Լեռնային Ղարաբաղի վտանգված մշակութային ժառանգության նմուշերը փաստագրելու և պահպանելու նպատակով։

Մի լռեցրեք ճնշվածների ձայնը:

 

Ի պատասխան ադրբեջանցի կոլեգայի․

 

Ես և իմ ներկայացրած քաղաքական ուժը բարձրացնում ենք միլիոնավոր մարդկանց ձայնը, ովքեր սպասում են երկարատև խաղաղության՝ հիմնված արդարացի լուծումների վրա, ոչ թե ագրեսիայի և ցեղասպանական գործողությունների:

 

Անհիմն մեղադրանքների փոխարեն՝ ես առաջարկում եմ ադրբեջանցի գործընկերներին ցուցաբերել քաղաքական կամք և թույլ տալ միջազգային դիտորդներին վերահսկել Բաքվում իրականացվող կեղծ դատավարությունները»: