ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ հունիսի 19-ի՝ լույս 20-ի գիշերը Գյումրի քաղաքում կրակոցներ են հնչել և կա վիրավոր:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Շիրակի մարզային քրեական վարչության պետ Արսեն Ոսկանյանը, վարչության պետի տեղակալ Արթուր Ֆիշյանը:
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այդ օրը վիճաբանություն է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում գործող «Գյումրի» հացատան դիմաց, որի ժամանակ մասնակիցներից մեկը իր մոտ եղած հրազենով մի քանի կրակոց է արձակել և ըստ օպերատիվ տվյալերի՝ 1 հոգի վիրավորում է ստացել կրակոցից, 2 հոգի էլ՝ ծեծկռտուքի հետևանքով:
Շիրակի մարզի քրեական ոստիկանները ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ Հանրապետությունում գործող բժշկական հաստատություններից պարզել են, որ ոչ մի վիրավոր չի տեղափոխվել հիվանդանոց, սակայն մեկ այլ օպերատիվ տեղեկությամբ էլ վիրավորները բուժումներ են ստանում տնային պայմաններում:
Դեպքի փաստով Շիրակի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվում, և ոստիկաններն էլ արդեն գիտեն մասնակիցների և կրակոցներ արձակողի ինքնությունը, ով Գյումրիում հայտնի քրեական պատմությունների մեջ բազմիցս ներգրավված է եղել: