Սամվել Կարապետյանի կալանավորման որոշումից առաջ, հսկող դատախազ Արմեն Դոլինյանը դատարանում է եղել. «Ժողովուրդ»


Սամվել Կարապետյանի կալանավորման որոշումից առաջ, հսկող դատախազ Արմեն Դոլինյանը դատարանում է եղել. «Ժողովուրդ»
Հունիս 20 08:32 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է «Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը» շարքը: Այս խորագրի ներքո պարբերաբար հրապարակում ենք ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերում ներգրավված պաշտոնյաների անունները: Մարդիկ, ովքեր իրենց պաշտոնը ծառայեցնում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաճոյանալու, նրա քաղաքական քմահաճույքները կատարելու համար:

 

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի հրահանգով 2 ամսով կալանավորվեց գործարար-բարերար Սամվել Կարապետյանը։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ Կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու մեղադրանքով։

 

Իսկ ով է նրա գործով հսկող դատախազը, որը քննիչների հետ կալանքի միջնորդության օրը գնացել էր դատարան։

 

Պարզվում է՝ գործը հսկող դատախազը Արամ Դոլինյանն է, ում 2023 թվականին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Արմավիրի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից ազատել էր ու նշանակել Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնում:

 

Ավելին՝ Դոլինյանը Արմեն Աշոտյանի գործով դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազն է։

 

Նկատենք, որ Արամ Դոլինյանը գործարար Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության օրը անձամբ դատարան է գնացել։ Թեեւ օրենքը չի արգելում, որ կալանքի միջնորդությունների ժամանակ դատախազները դատարան գնան, բայց սովորաբար դատախազներ չեն գնում. միայն բացառիկ դեպքերում։ Եվ ահա, Դոլինյանը որոշել էր գնալ դատարան: Կարապետյանի փաստաբանները չէին բացառել, որ դա, գուցե, արվել է դատարանին ճնշելու նպատակով։

 

Հիշեցնենք, որ Կարապետյանի գործով քննիչն էլ արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Մելիքի Գեւորգյանն է»։

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: