Նոր կառուցվող շենքի շինհրապարակում աշխատակիցը բարձրությունից վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար


Նոր կառուցվող շենքի շինհրապարակում աշխատակիցը բարձրությունից վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Հունիս 11 20:46 2025

Հունիսի 9-ին Կոտայքի մարզում կառուցվող շենքերից մեկում հերթական անգամ աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan. com-ը:

Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխել անգիտակից մի քաղաքացու։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և պարեկներին հայտնել են, որ վիրավորն իրենց մոտ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև, որ վիրավորը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 31-ամյա Ահմադ Ա.-ն է, ով Զովունի գյուղի 6-րդ փողոցում գտնվող ու կառուցվող էլիտար թաղամասի շենքերից մեկի բարձրությունից վայր է ընկել։