Իհարկե, գեներացվելու է փողոց, սա ճահիճ, է ճահիճ. ՀՀ երրորդ նախագահ


Իհարկե, գեներացվելու է փողոց, սա ճահիճ, է ճահիճ. ՀՀ երրորդ նախագահ
Հունիս 10 18:10 2025

«Դավիթ Համբարձումյանն արժանի է։ Նա ի վիճակի է այդ ուղղությամբ լուրջ պայքար մղելու»,-  դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ են իմպիչմենտի գործընթացում որպես վարչապետի թեկնածու առաջադրել Դավիթ Համբարձումյանին։ 

Ըստ նրա, ում էլ առաջադրեին՝ ակնհայտորեն մեծ հակազդեցության էր արժանանալու. «Այդ մասին ես ձեզ ասել եմ։ Երբ հարցրել եք՝ ինչո՞ւ թեկնածու  չենք առաջադրում, ես ասել եմ՝ մեր պարագայում  հակազդեցությունը շատ մեծ է։ Կարծում եմ՝ դրանում համոզվեցիք»։

«Այո, մենք իշխանության չենք հավակնում, այս պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ իշխանափոխության։  Մի՞թե պարզ չէ բոլորիս համար։

Ումով ուզում է, միայն իշխանափոխություն լինի։ Իհարկե, գեներացվելու է փողոց, բա առանց փողոցի ինչպե՞ս կլինի»:

Լրագրողի հարցին՝ «չենք կարող մրից ելնել, մրջուրն ընկնել», Սերժ Սարգսյանն ասաց. «Ոչ, որովհետև սա մուր չէ, սա ճահիճ, է ճահիճ»։ 

Հարցին՝ քաղաքացիական պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. «Ես բոլոր վտանգները տեսնում եմ, այս իշխանության պարագայում ամենաանհավանական բաները կարող են լինել»:

Նա հայտնեց, որ վաղը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև բանակցություններ են լինելու, հարցերին վերջնական պատասխան կտրվեն։ Ս. Սարգսյանն ասաց, որ ինքը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չեն բանակցում այդ հարցի շուրջ։ 

«Մենք շախ ենք հայտարարել միայն այսօրվա իշխանություններին, մենք ուրիշ շախ հայտարարելու ֆիգուր չունենք»,- ասաց Ս. Սարգսյանը։ Ըստ նրա, իմպիչմենտով հնարավոր է «մատ անել»։ Սերժ Սարգսյանը նաև վստահ է, որ կարող են գեներացնել փողոց։ 

Հարցին էլ՝ Փաշինյանի դեմ կոմպորմատ ունի՞ և ե՞րբ է օգտագործելու, Ս. Սարգսյանն ասաց. «Ո՛չ, ի՞նչ կոմպրոմատներ, այսինքն այս 7 տարվա ընթացքում ամեն ինչ շատ լավ է եղել և լրացուցիչ կոմպրոմատների կարի՞ք կա»:

Ինչ վերաբերում է հաջորդ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ մասնակցությանը, եթե մինչ այդ իմպիչմենտով չհաջողվի հեռացնել ՔՊ-ին,  Ս. Սարգսյանն ասաց, որ դեռ որոշում չեն կայացրել՝ կմասնակցեն, թե ոչ։