Քաղաքագետ Արմեն Մինասյանը գրում է.
«Ոնց հասկանում եմ` մի քիչ քաղաքագիտական լիկբեզի կարիք կա:
Հայերենում տերմինաբանական փոքր շփոթ կա, ինչն էլ խանգարում է հասկանալ, թե քաղաքական ուժերը ինչպես են դասավորվել դաշտում:
Այսպես` գոյություն ունի երեք հասկացություն. իշխանություն (authority, власть) , կառավարություն (government, правительство) և ընդդիմություն ( opposition, оппозиция): (Խոսքը, բնականաբար, խորհրդարանում գտնվող ընդդիմության մասին է:)
Անգլերենն ու ռուսերենը ներկայացրել եմ, որպեսզի ասելիքն ավելի հստակ լինի:
Մեզանում շատերը «իշխանություն» հասկացությունը շփոթում են «կառավարության» հետ, մինչդեռ կոնվենցիոնալ իշխանության մեջ ներառված են թե կառավարությունը, թե ընդդիմությունը: Հետևաբար` ընդդիմությունը ճիշտ այնքան իշխանություն է, որքան կառավարությունը: Եվ այդ իշխանությունն իրացնելու համար այն ունի օրենքով սահմանված լիազորություններ:
Եթե վերը նկարագրվածը պարզ է, ապա մնում է հասկանալ վերջին հանգամանքը. արդյո՞ք Հայաստանի իշխանությունն այսօր կոնվենցիոնալ է: Այսինքն` իրեն ընդդիմություն հռչակած ուժ(եր)ը ճանաչու՞մ է կառավարությանը, դրա օրինականությունն ու օրինաչափությունը:
Կթվա, թե տարօրինակ հարց եմ տալիս, բայց իրականում սա սկզբունքային է: Եթե դու չես ճանաչում, դու այլևս ընդդիմություն չես. պայմանականորեն կարող ես կոչվել «կոնտրէլիտա», «հակաիշխանություն», «ապստամբ», «բունտար», «ռոբին հուդ» և այլն: Ընդդիմություն` ոչ, մնացածը` ըստ ճաշակի և քարոզչական նախապատվության:
Օրինակ, երբ Ֆրանսիայի պարտությունից հետո մարշալ Պետենի գլխավորությամբ ձևավորվեց Վիշիի ռեժիմը, այն ճանաչեցին բոլորը` ներառյալ ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը: Իսկ ահա Շառլ դը Գոլը այն հայտարարեց կոլաբորացիոնիստական ու, հիմնելով «Ազատ Ֆրանսիայի շարժումը», սկսեց պայքարել դրա դեմ:
Այդ ընթացքում Շառլ դը Գոլը և իր համախոհները ոչ մի դիմում ու հարցում չեն արել Վիշիի ռեժիմին, դրա պետական ինստիտուտները համարել են օկուպանտ ու չեն համագործակցել, պայքարել են, զրկանքներ կրել, բայց վերջում հաղթել (եթե օրինակ Երկրորդ աշխրհամարտն այլ կերպ ավարտվեր, հնարավոր է Վիշիի ռեժիմը մինչև հիմա մնար, իսկ դը Գոլն էլ հռչակվեր ձախողակ ապստամբ):
Հիմա գալով մեր իրականություն` ուզում եմ հարց տալ.
Սիրելի հականիկոլականներ, հիմա դուք Նիկոլի ու ՔՊ-ի ընդդիմությու՞նն եք, թե ոչ: Դուք պատրաստվում եք իշխանության հարցը ընտրություններով վիճարկե՞լ»: