Այսօր՝ հունիսի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» չհասած, գործող «Աղբյուր» հացատանը հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ հրամանատար Հովհաննես Աբգարյանի գլխավորությամբ։
Լրացուցիչ ժամանել են նաև Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են հացատան աշխատակիցները և առաջին հերթին հենց նրանց շնորհիվ է, որ կրակը չի տարածվել մյուս շինություններ, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Հրշեջների օպերատիվ աշխատանքն էլ է տվել իր դրական արդյունքը, որ կրակը մեծ տարածք չի ընդգրկել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և օրվա պատասխանատու, նույն գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արթուր Կարապետյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Մարտիրոսյանն ու կրտսեր պարեկ Արմեն Վարդանյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի ծառայողները՝ ավագ համայնքային ոստիկան Ռուբեն Ղուկասյանի գլխավորությամբ։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։
Խոշոր հրդեհ Երևան-Սևան ավտոճանապարհին գործող հայտնի «Աղբյուր» հացատանը. կրակի տարածման դեմ պայքարել են հացատան աշխատակիցները և հրշեջ-փրկարարները

