Տրանսպորտի ուղեվարձը չվճարելը խնդիրներ է առաջացրել, տրոլեյբուսները չենք կարող ձեռք բերել. խոսնակ


Տրանսպորտի ուղեվարձը չվճարելը խնդիրներ է առաջացրել, տրոլեյբուսները չենք կարող ձեռք բերել. խոսնակ
Հունիս 3 12:59 2025

Հասարակական տրանսպորտի տոմսային փաթեթները ներդնելուց հետո բախվել ենք լուրջ խնդրի. հրավիրված ճեպազրույցին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

 

Նա նշեց, որ տրանսպորտի ուղեվարձի դեմ ակցիաների արդյունքում թերհավաքագրումներ են եղել և 5 ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից ընդհանուր հաշվով՝ հավաքագրվել է 6 մլրդ 30 մլն դրամ։

 

Ըստ նրա, անգամ այն մարդիկ, որոնք պարտաճանաչ վճարում էին, տեսնելով, որ չկա հսկողություն, մնացած չվճարողների նման իրավիճակից օգտվում են ու չեն վճարում։

 

«Չվճարումները բերել են բյուջեի որոշակի խնդիրների, և քաղաքապետարանը չի պատրաստվում այլ ոլորտից, պայմանական՝ հանրակրթությունից, գումար կտրել ու ներդնել հասարակական տրանսպորտի ոլորտում»,- ասաց է նա՝ հավելելով, որ չվճարման հետևանքով շարժակազմն ավելի ուշ են ձեռք բերելու։

 

«Այս տարի քաղաքապետարանը նախատեսել և հայտարարել էր, որ ձեռք է բերելու շուրջ 45 տրոլեյբուս, պարզվում է՝ դրանցից 30-ը հնարավոր չի լինի գնել, քանի որ թերհավաքագրումների պատճառով գումար չկա։ Եթե նման տեմպերով շարունակվեն հավաքագրումները, չի բացառվում, որ 15 տրոլեյբուս էլ Երևանի քաղաքապետարանը չի կարող ձեռք բերի»,-ասաց նա։

 

Կոստանյանի խոսքով՝ ուղեվարձի չվճարման դեպքում վարչական պատասխանատվություն ենթադրող օրինագիծն այժմ խորհրդարանում է, և նրանց տիրույթում է տուգանք սահմանելու հարցը։