Այս զույգին ՀՀ բյուջեի հաշվին հարկադիր բուժման ուղարկել կամ հանրային վտանգավորությունը հաշվի առնելով՝ մեկուսացնել, բայց մի՞թե սա է ողջ իրականությունը․ Գալստյան


Այս զույգին ՀՀ բյուջեի հաշվին հարկադիր բուժման ուղարկել կամ հանրային վտանգավորությունը հաշվի առնելով՝ մեկուսացնել, բայց մի՞թե սա է ողջ իրականությունը․ Գալստյան
Մայիս 30 15:32 2025

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու հասցեին սկանդալային ու ոչ կոռեկտ գրառմանը։

 

«Հիմա Հայաստանն այդ պատն է.

 

Այս զույգի գործունեությանը կարելի է տարբեր գնահատականներ տալ, վերջիններիս հոգեբանական, հոգեկան և բարոյական առողջության ակնհայտ վատթարացման վերաբերյալ եզրակացությունների հանգել, անգամ տոգորվել հումանիզմով և ՀՀ բյուջեի հաշվին հարկադիր բուժման ուղարկել կամ՝ վերջիններիս հանրային վտանգավորությունը հաշվի առնելով, գխավոր դատախազի և գլխավոր հոգեբույժի միջնորդությամբ մեկուսացնել, բայց մի՞թե սա է ողջ իրականությունը։

 

Նա ընտրված է և ընտրված է հենց այս առաքելության համար․․․ սա հատուկ սելեկցիա է՝ նախընտրական սրացումներով, որն ընթանում է ու սրվում արտաքին մարտահրավերները դիմադրելու վերջինիս անկարողությանը զուգահեռ։

 

Այդ առաքելության անունը հայ ժողովրդի տրանսֆորմացիա է, քաոսացում, չգոյություն։ Այդ պատկերը կարող եք գտնել այդ զույգի հին տան պատին․ հայտնի հաղորդումից շատերդ կհիշեք․․․ Հիմա Հայաստանն այդ պատն է․․․ ներսից և դրսից անարգվող․․․

 

1700-ամյա Հայ Առաքելական եկեղեցին այդ խզբզողներից և խզբզանքներից չի թուլանում և չի թուլանա։ 17 տարուց էլ երկար ձգվող նրա ճանապարհին հերձվածողներ, գիշանգղի բարքով հալածողներ շատ են եղել․․․

 

Բայց Հայաստանյայց Հայ Առաքելական Եկեղեցին ինքը հայ ժողովուրդն է՝ մենք, մեր ներսի պատը։ Եվ խնդիրը մեզ՝ մեր ամբողջության մեջ քաոսացնելն է, մեր ներսի ու դրսի պատերը, մեր հավաքական /construct-ը/ ողնահարը քանդելն է։

 

Այսօր թիրախավորված են, և հետևողականորեն փորձ է արվում կազմաքանդել այդ պատը պահողներին, եկեղեցուն, դաշնակցությանը, մեր ազգային իմունիտետը պահող քաղաքական ուժերին և անհատներին։ Ցավոք, շատերի մտածումներում արդեն քանդված պատեր են, արժեհամակարգային քաոս, որն էլի հատուկ է ծրագրավորված․․․

 

Պահել պետականությունը․ կասեցնել մեր ներքին պատերի փլզումը, չթողնել, որ նաև ներքին թշնամին քանդի մեր պատը։ Սա է խնդիրը․․․»։