ՀՀ քաղաքացիների տվյալներն «ինքնակամ» թուրքական ընկերությա՞նն են փոխանցվում. ի՞նչ կապ ունի «Ինգո Արմենիան»


ՀՀ քաղաքացիների տվյալներն «ինքնակամ» թուրքական ընկերությա՞նն են փոխանցվում. ի՞նչ կապ ունի «Ինգո Արմենիան»
Մայիս 29 11:10 2025

Արդեն մոտ 2 ամիս է՝ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը գովազդում է, թե ձեռք ես բերում ընկերությունից ճամփորդական ապահովագրություն և կարողանում ես Airalo ընկերության eSIM-ն ակտիվացնել 25 տոկոս զեղչով։ Ու այստեղ մի շարք հարցեր ու ողջամիտ մտահոգություններ են ջրի երես բարձրանում։ Օրինակ, Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող ֆինանսական կառույցը որքանո՞վ է ուշադիր ու հեռատես եղել գործընկեր ընտրելիս՝ այս դեպքում ընտրելով թուրքական ծագում ունեցող ընկերության հետ համագործակցելը։

 

 Օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում այդ մասին գրել էր նաև մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

 

«eSIM-երի շուկայում Հայաստանում հաճախ եմ տեսնում, որ մարդիկ օգտվում են Airalo, Mobimatter ծառայություններից։ Բայց ո՞վ է Mobimatter -ի տերը։ Ասեմ՝ Ibrahim Akinci։ Ովքե՞ն են Airalo -ի տերերը. Ahmet Bahadir Ozdemir, Abraham Burak։ Չնայած, որ ընկերությունները ներկայանում են որպես Էմիրություններից ու Սինգապուրից, բայց փաստացի թուրքական են»,- գրել էր Մարտիրոսյանը։

 

Ու այստեղ պարզապես հարցը միայն «թուրքական ծագում ունեցող ապրանք չգնելու սկզբունքը չէ»։ Փաստորեն թուրքական ընկերությունը ՀՀ քաղաքացիների տվյալների մի մեծ բազա է ստանում, ներառյալ՝ բանկային տվյալներ, որոնք լրացվում են eSIM գնելու համար։ 

 

Ըստ էության, կապելով ճամփորդական ապահովագրությունն ու կասկածելի ծագման eSIM -ը՝ թուրքական ընկերությունը նաև տիրապետում է տվյալների, թե ՀՀ քաղաքացին X ժամանակահատվածում աշխարհի որ կետում է լինելու։ Մտահոգի՞չ է, չէ՞։

 

Ֆինանսական ընկերությունները պետք է առավել զգայուն և ուշադիր լինեն իրենց տրամադրվող անձնական տվյալների գաղտնիության նկատմամբ և առավել ևս զգայուն՝ այս ճանապարհին գործընկերներ ընտրելու հարցում։ Ճամփորդական ապահովագրության նպատակը ճամփորդելիս ապահով լինելն է, մինչդեռ խաղաքարտերի նման դասավորության դեպքում «ապահովությունն է անպաշտպան դառնում»։