Խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Քուչակ գյուղում. կա 1 զոհ, 12 վիրավոր


Խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Քուչակ գյուղում. կա 1 զոհ, 12 վիրավոր
Մայիս 29 09:41 2025

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ բնակավայարի վարչական տարածքում բախվել են «Opel Zafira» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները: 
 
Վիրավորներից մի քանիսին փրկարարները դուրս են բերել ավտոմեքենաներից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: 
 
Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բռնկվել: 
 
Հրշեջ-փրկարարները մարել են կրակը և տեղում իրականացնում են հերթապահություն: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի համանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշի ավագ պարեկներ Արգամ Հովհաննիսյանը, Վարդան Իսրայելյանը, պարեկներ Տիգրան Ղազարյանը, Սերգեյ Մովսիսյանն ու կրտսեր պարեկ Գոռ Սենոքյանը:

Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, քանի որ հետաքրքրասեր վարորդները մինչ պարեկների ժամանումը ավտոմեքենաները կայանել էին ու ստեղծվել էր արհեստական խցանում, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց: 
 
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը: 

Վթարի մասին ոստիկանութան Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խոմբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպնավող հատուկ տարածք: