«Ես ուզում եմ ծառայել Արցախում». 15 տարի ՌԴ-ում ապրելուց հետո Սերյոժան որոշել էր՝ պետք է ապրի Հայաստանում


«Ես ուզում եմ ծառայել Արցախում». 15 տարի ՌԴ-ում ապրելուց հետո Սերյոժան որոշել էր՝ պետք է ապրի Հայաստանում
Մայիս 24 23:02 2025

 

Երկար տարիներ արտերկրում ապրելուց հետո Սերյոժան հստակ որոշում էր կայացրել՝ ինքը պետք է ծառայի և իր պարտքը տա հայրենիքին։ Ծնողների ու քրոջ հետ վերադարձել էր Հայաստան։ Ապրում էին վարձով։ Նա հասցրեց անգամ մի քանի ամիս քոլեջ հաճախել ու զորակոչվեց հայկական բանակ։

Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակում մայրը՝ Հասմիկ Աբրահամյանը, պատմեց, որ որդին շատ խելացի էր, ավարտել էր գերազանցությամբ, երբեք խնդիր չի ունեցել ուսման մեջ։

«Ինքնակամ ասել է՝ ես ուզում եմ ծառայել Արցախում։ Շատ սիրեց Հայաստանը։ Մի քանի ամսվա մեջ ընկերներ ձեռք բերեց։ Ասում էր՝ էլ չենք գնա Ռուսաստան։ Բանակից, որ գամ, այստեղ կսովորեմ, կաշխատեմ։ Ասում էր՝ կաշխատեմ, ձեզ տուն կառնեմ։ Հիմա ապրում ենք իր կյանքի գնով ստեղծած տան մեջ։ Շատ գոհ էր, երբեք ծառայությունից չի բողոքել։ Դիպուկահար էր։ Երբ հարցեր էինք տալիս, ասում էր՝ ուրիշ հարցեր մի տուր»,-պատմում է մայրը։

Սերյոժան շատ էր սիրում ծառայությունը։ Ծնողներին ասել էր, որ անակնկալներ ունի նրանց համար։ Ասել էր՝ արձակուրդ որ գա, անպայման կբերի։ Բայց այդպես էլ չեկավ արձակուրդ, այդպես էլ չբերեց խոստացած անակնկալը։ Մայրը միայն ենթադրում է՝ երևի լավ ծառայության համար պատվոգրեր էր ստացել։

Սերյոժան զոհվել է սեպտեմբերի 27-ին։ Վերջին զանգը եղել է սեպտեմբերի 25-ին։ Շատ երկար է խոսել ու ասել, որ իրեն էլ չզանգեն։

«Ասել են՝ դիրքում են մնացել, ոչ ոք չի տեսել իրենց։ Դեկտեմբերին ծնողներով գնացին Ղարաբաղ։ Որոնողական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 15-ին գտան 7 հոգու՝ նույն դիրքում։ Նրանց իջեցրին։ Փետրվարին նոր հաստատվեց։ Սկզբում շատ ծանր էի տանում, որ չեմ տեսել, բայց հիմա դա ինձ ուժ է տալիս՝ սպասելու իրեն»,-պատմում է մայրը։

Շատ վատ հոգեվիճակում տիկին Հասմիկը դիմել է բժշկի՝ նորից երեխա ունենալու հույսով։ Ասել են՝ հնարավոր չէ։ Մի օր էլ իմացել է, որ հղի է։ Լուրը հայտնել է ավագ դստերը, որն սկսել է լացել՝ մտածելով, որ եղբորը կրկին կտանեն բանակ։ Մայրը հանգստացրել է աղջկան։ Ծնվել է Սերինեն՝ հերոս Սերյոժայի քույրը։

Մանրամասները՝ տեսանյութում։