Զինծառայությունից փողով ազատվելու վերաբերյալ աղմկահարույց օրենքի վերաբերյալ քննարկումներում արժեքային շեշտադրումը արվում է այն ուղղությամբ, որ բարոյական չէ լեգիտիմացնել ապօրինությունը, նաև սահմանել բանակից ազատվելու «սոցիալական հիմք»: Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Սրանք իհարկե կարևոր քննարկումներ են:
«Բայց, այստեղ հարցը միայն բանակը չէ: Կրկնեմ, իհարկե բանակի ասպեկտը չափազանց կարեւոր ու առանցքային է, սակայն հարցի արժեհամակարգային կողմն ու կարեւոր այլ շերտ ևս:
Ընդհանրապես, հակասոցիալական, հակահանրային է, երբ պետականորեն սահմանվում է սոցիալական խտրականություն, երբ հարուստ լինելը պետական մակարդակով ընձեռում է հնարավորություն: Այս օրենքը ստեղծում է արժեհամակարգային վտանգավոր նախադեպ բոլոր առումներով, ոչ միայն բանակի:
Աննթույլատրելի է այդպիսի նախադեպի ստեղծումը, քանի որ խախտվում է իրավահավասարության սկզբունքը՝ խախտվում է փողի հիմքով: Վաղը կարող է կայացվել որոշում, որ հարուստներն օրինակ կարող են այս երկրում ունենալ այլ արտոնություններ: Չկասկածեք, որ մի հնչեղ եւ «ռեֆորմիստական»» ձեւակերպում կգտնվի, եւ կգտնվի սազանդարների մեի շոշափելի բանակ, որ «կհիմնավորի» այդ կարևորագույն «ռեֆորմի» անհրաժեշտությունը:
Ընդ որում, նկատեմ նաև, որ ըստ իս տեղին չէ նաև համեմատությունն օրինակ «հասարակաց տները» օրինականացնելու հետ: Այդտեղ ևս կա իհարկե արժեհամակարգային կամ բարոյական նորմերի խնդիր, բայց սկզբունքային իմաստով այդ խնդիրը գտնվում է այլ հարթության մեջ՝ մեկը կարող է այս կերպ վերաբերել այդ երեւույթին, մյուսը՝ այլ կերպ, բայց այդտեղ չկա պետականորեն անիրավահավասարության սահմանում՝ հարուստներին փողի հիմքով տրվող արտոնության սահմանում:
Հետևաբար, այս օրինակները համեմատելի չեն: Այստեղ գլխավոր խնդիրն այն է, որ պետությունը օրենսդրորեն լեգիտիմացնում է դասակարգային խտրականություն»,- գրել է նա։