«Երկիր Մեդիան» չի փակվել. Բագրատ Եսայան


«Երկիր Մեդիան» չի փակվել. Բագրատ Եսայան
Մայիս 16 22:19 2025

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը  «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե հեռուստաընկերությունը փակվում է։

Դեռևս ապրիլի 30-ին Եսայանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում էր արել ու նշել, որ բովանդակային և ծրագրային թարմացման, տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացման համար ժամանակավորապես կդադարեցվի «Երկիր մեդիա» հեռուստաընկերության ծրագրերի հեռարձակումը։

«Հեռուստաընկերության բովանդակային կոնցեպտի մշակումը բավականին ժամանակատար աշխատանք է։ Մեկ օրում կամ մեկ շաբաթում հնարավոր չէ դա իրականացնել։ Այժմ աշխատանքային խումբ ենք ստեղծել, որն ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ։ Ծրագրերի հեռարձակման վերսկսման կոնկրետ ժամկետներ դեռ չկան»,- ասել է Եսայանը։

Նա նաև հերքել է մամուլում տարածված լուրերը, թե հեռուստաընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի։

Եսայանն ընդգծել է, որ ֆինանսական որևէ պարտավորություն չունեն, բացի ընթացիկ գործունեության հետ կապված ֆինանսական հարցերից։