Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Քաջարանի բնակիչ 24 և 59 տարեկան տղամարդիկ պատրաստվում են իրացնելու նպատակով ձեռք բերել մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխված թմրանյութ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Օպերատիվ տեղեկությունն իրացվեց ապրիլի 25-ին` Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների և Սյունիքի մարզի պարեկների հետ համատեղ: Կապան-Քաջարան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին, թմրանյութը վերցնելիս, քաջարանցի տղամարդիկ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին մարզային վարչություն: Թմրանյութը մարիխուանա էր, առանձնապես խոշոր չափերի` 1373 գրամ:
Տղամարդկանց խուզարկությամբ հայտնաբերվեցին նաև մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ:
Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց 59-ամյա տղամարդու տանն ու օժանդակ շինություններում: Օդաճնշիչ ատրճանակից և տարբեր փամփուշտներից զատ տան մոտակայքում հայտնաբերվեց նաև 885 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց: Ըստ տանտիրոջ՝ այդ ամենն իրենն է:
59-ամյա և 24-ամյա տղամարդիկ կալանավորվել են: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: