Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով հանդես եկած «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող Էդգար Ղազարյանը գրել է․
«Երբ Ազգային ժողովի պատգամավորները չեն նախաձեռնում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթաց (2022 թվականի օգոստոսի 2-ից առկա հնարավորությունից մինչ օրս), ապա Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ վարչապետի պաշտոնում` կորուստներ բերելով մեր պետությանն ու ժողովրդին։
Եթե ցուցաբերվի նման նախաձեռնություն և այն հաջողությամբ չպսակվի, ապա Նիկոլ Փաշինյանը կշարունակի մնալ վարչապետի պաշտոնում այնպես, ինչպես հիմա, այսինքն ոչինչ չի փոխվի։ Իսկ եթե լինի նախաձեռնություն և դրա դեմ խոսելու փոխարեն բոլորը մեկտեղեն իրենց լավագույն ջանքերը, անհրաժեշտության դեպքում դիմեն հասարակության աջակցությանը, ապա, մեծ հավանականությամբ, այն կհաջողի և Նիկոլ Փաշինյանը կվռնդվի վարչապետի պաշտոնից։
Մնում է հասկանալ, թե ինչու՞ Ազգային ժողովի պատգամավորները, անգամ նման հանրային արձագանքի պարագայում, ոչ միայն չեն նախաձեռնում այդ գործընթացը, այլև փորձում են ներկայացնել բացարձակ անհիմն ու անիմաստ առարկություններ, պատճառաբանություններ և պահանջներ, թիրախավորում և երբեմն, վիրավորում են այդ պահանջով հանդես եկող քաղաքացիներին, դրանում փորձում փնտրել այլևայլ, գոյություն չունեցող նպատակներ։
Ես առավել քան վստահ եմ, որ մեզ հաջողվելու է սկզբում հաղթահարել իրենց ընդդիմադիր հռչակած, իսկ հետագայում` «քպ-ական» պատգամավորների դիմադրությունը և հասնել ցանկալի նպատակին` Նիկոլ Փաշինյանի սահմանադրական ճանապարհով խաղաղ հեռացմանը»։