Երևանում տեղումներից հետո լճակների ու գետակների առաջացումը քաղաքապետարանում պայմանավորում են բարեկարգմամբ


Երևանում տեղումներից հետո լճակների ու գետակների առաջացումը քաղաքապետարանում պայմանավորում են բարեկարգմամբ
Մայիս 7 16:52 2025

Վերջին օրերին անձրևից հետո Երևանի փողոցներում գետակներ են հոսում, լճակներ են առաջանում, անցումները ջրածածկ են լինում։ Սոցիալական ցանցերը ողողված են այդ լուսանկարներով ու դրանց կից քննադատաություններով։  «Ասեք, կանենք» կարգախոսով իշխանության եկած ՔՊ-ին արդեն տևական ժամանակ ուղիղ ասում են՝ կարգի բերեք ջրահեռացման համակարգը, տեր կանգնեք ձեր տված շինթույլտվությունների հետևանքներին։

Panorama.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարանին՝ հարցնելով, թե ինչո՞ւ է նման իրավիճակ առաջանում։ Պարզվում է, որ բարեկարգումն է պատճառը։

«Երևան քաղաքի հեղեղատար համակարգը կատարյալ չէ։ Ի սկզբանե կան թաղամասեր, որոնք չունեն հեղեղատար համակարգեր, կան վերակառուցման ենթակա համակարգեր, նոր կառուցապատումները հանգեցրել են նոր ծավալների։ Որքան քաղաքը բարեկարգվում եւ կառուցապատվում է, այնքան մեծանում է մակերեւութային ջրերի քանակը, որովհետեւ գրունտը հողն իր մեջ է քաշում, նոր կառուցապատումը, ասֆալտապատումը, սալիկապատումը բերում է մակերեւութային ջրերի ծավալի ավելացման։

Երևանն ունի շատ փոքր ծավալի անջատ հեղեղատար համակարգ, կիսանջատ է մեր համակարգը, այն միացված է կոյուղատար համակարգին նաեւ եւ մեծ ծավալի անձրեւների դեպքում համակարգը ծանրաբեռնվում է, ու ջրերի քանակը փողոցներում մեծանում է»,-պատասխանեցին քաղաքապետարնից։