Պետությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ լրագրողների անվտանգության լիարժեք ապահովման ուղղությամբ․ ՄԻՊ


Պետությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ լրագրողների անվտանգության լիարժեք ապահովման ուղղությամբ․ ՄԻՊ
Մայիս 3 10:25 2025

ՄԻՊ Անահիտ Մանասյանը շնորհավորել է Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։

Ուղերձում Մանասյանը մտահոգիչ է համարել լրագրողների թիրախավորման դեպքերի առկայությունը։
Նա ընդգծել է, որ պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի՝ լրագրողների անվտանգության լիարժեք ապահովման ուղղությամբ։

«Զանգվածային լրատվության միջոցների սիրելի’ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։

Այս օրը ևս մեկ առիթ է բարձրաձայնելու ձեր բարդ ու պատասխանատու առաքելության կարևորությունը և վերահաստատելու ձեր աշխատանքի բացառիկ նշանակությունը ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդման գործում:

Մարդու իրավունքների պաշտպանի 2024 թվականի տարեկան հաղորդման շրջանակներում հատուկ ընդգծել եմ լրատվական համայնքի ներկայացուցիչների անխոչընդոտ գործունեության կարևորությունը։

Այդ առումով մտահոգիչ եմ համարում լրագրողների թիրախավորման և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը։ Ընդգծում եմ, որ պետությունը պետք է հստակ և նպատակային քայլեր ձեռնարկի՝ լրատվամիջոցների բնականոն գործունեության համար բարենպաստ միջավայրի և լրագրողների անվտանգության լիարժեք ապահովման ուղղությամբ։

Մասնավորապես, անհրաժեշտ է մշակել և գործադրել այնպիսի կառուցակարգեր, որոնք կերաշխավորեն լրատվամիջոցների ազատ և անվտանգ գործունեությունը, ինչպես նաև կկանխարգելեն լրագրողների իրավունքների խախտումները և կապահովեն պատասխանատվության անխուսափելիությունը նման դեպքերում։

Միևնույն ժամանակ, լրագրողական մասնագիտական գործունեությունը ևս պետք է իրականացվի բարձր էթիկական չափանիշներին և պատասխանատու լրագրության սկզբունքներին համապատասխան՝ բացառելով ատելության խոսքն ու խտրականությունն իր բոլոր դրսևորումներով։

Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հավաստիացնում եմ իմ պատրաստակամությունը` անելու առավելագույնը ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքի պաշտպանությունն ապահովելու համար։

Կրկին շնորհավորում եմ տոնի կապակցությամբ և մաղթում ձեզ արդյունավետ, ստեղծագործ և արգասաբեր գործունեություն՝ ի նպաստ իրավունքի գերակայության ու ժողովրդավարության ամրապնդման», - ասվում է ուղերձում։