Մենք նախորդ տարի Երևան քաղաքում ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ ենք կատարել, խնդրում եմ տարեք և ցույց տվեք դրանց վրա եղած փոսերի մասով խնդիրները, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով անորակ աշխատանքներին, ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ամեն տարի Երևան քաղաքում, առատ անձրևներով պայմանավորված, տարբեր հատվածներում ասֆալտի վիճակը գնալով վատթարանում է։ Այո՛, ճանապարհների վիճակը գնալով վատթարանում է և Երևանի քաղաքապետարանը հիմնարար լուծումներ է տալիս։ Մեկ ամսում փոսալցման աշխատանքները կանենք, կվերջացնենք, էլի ժամանակավորապես այդ հարցի մասին կմոռանանք, էլի հաջորդ տարի դրա մասին կխոսենք։ Նախորդ տարի այս ժամանակ շատ ավելի մեծ խնդիրներ ունեինք, շատ մեծ ծավալի աշխատանքներ ունեինք անելու, այս տարի էլի ծավալները կան, բայց նույնը չեն»,-նշեց նա։