Չեմ կարծում, որ նրանք կարողանալու են հրաժարվել Անկախության հռչակագրից, չեն հասցնի. Սերժ Սարգսյան


Չեմ կարծում, որ նրանք կարողանալու են հրաժարվել Անկախության հռչակագրից, չեն հասցնի. Սերժ Սարգսյան
Ապրիլ 24 17:30 2025

ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ծրագիր ունի: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք առանց ծրագրի չենք գործում, ունենք ծրագիր, բայց չեմ կարծում` այդ ծրագիրը հրապարակային դարձնելն այս պահին ճիշտ է»,- ասաց նա:

Սարգսյանն անդրադարձավ խոսակցություններին, որ ինքն է բերել Փաշինյանին իշխանության: «Ես շատ-շատ երկար եմ ծառայել ՀՀ-ին, 25 տարուց ավելի և միգուցե դրանով է նաև պայամանավորված, որ ես այս երկրի ամենազրպարտված պաշտոնյաներից մեկն եմ, այնպես որ զրպարտություններն ինձ չեն զարմացնում և ոչ էլ զայրացնում են»,- ասաց նա:

 

Հարցին՝ Անկախության հռչակագրից հրաժարումը, ուրացման արա՞ր է, թե այլ պատճառներ կան, նա ասաց. «Ես չեմ կարծում, որ նրանք կարողանալու են հրաժարվել Անկախության հռչակագրից, որովհետև չեն հասցնի: Եթե եկող կիրակի լինի հանրաքվե, ապա այդ հանարաքվեն չի կայանա, բոլոր ուսումնասիրութոնները դրա մասին են խոսում»:

Հարցին էլ՝ ինչո՞ւ է պնդում, որ այս անգամ կկարողանան հեռացնել Փաշինյանին, եթե մինչ այդ չի հաջողվել, երրորդ նախագահն ասաց. «Միգուցե պահը հասունացած չէր, իսկ հիմա հասունացած է»:

Սարգսյանը նաև հայտարարեց, որ փողոցային պայքարը կառաջանորդի նա, ով այդ առաքելությունը կկարողանա ստանձնել, միևնույն ժամանակ ասաց, որ ինքը չի ստանձնի երկրի ղեկավարությունը: