Անցած շաբաթ մեղադրանքներ հնչեցին Դաշնակցության և դաշնակցական պատգամավորների հասցեին, որոնց կցանկանայի անդրադառնալ, հայտարարեց ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Կյանքն ինչ հետաքրքիր բան է. ամբողջ կյանքում Դաշնակցության քո զինակից ընկերների հետ պայքարես հանուն արդարության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Էրդողանի մոտ քո ժողովրդի պահանջները ներկայացնես, հայ–թուրքական հաշտեցման հանձնաժողովում պայքարես այդ ամենի դեմ, Գյուլի այցի դեմ դաշնակցական շարքերով պայքար մղես, հացադուլ անես, լինես միակ հեռուստաընկերությունը, որը խոսում էր ֆուտբոլային դիվանագիտության դեմ, որն ահազանգել էր Ծիծեռնակաբերդի լույսերն անջատելու փաստի, ֆուտբոլիստներ մարզաշապիկների վրայից Արարատի բացակայության մասին, որը հետագայում հայտարարեցին, որ թյուրիմացաբար է անհետացել, ու գան այստեղ ու քեզ մեղադրեն այդ ամենի մեջ։ Լավ էլի։
Ընդ որում, մեղադրողը ոչ թե ՔՊ խմբակցության ղեկավարը կամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամներից մեկն է, այլ 2010-2011 թվականներին այդ ժամանակվա իշխանությունների մոլի պաշտպան՝ ՀԺԱՄ կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Հայկ Կոնջորյանը։ ՀԺԱՄ կուսակցությունը բոլորին հայտնի էր որպես այն ժամանակվա իշխանության խոշոր գործարարներից մեկի՝ Բարսեղ Բեգլարյանի հովանավորչությունը վայելող կառույց»,- ասաց նա։