Տրանսպորտի թանկացմանն ու կատարված փոփոխություններին չհամակերպվող պռոշյանցիներն ու քասախցիներն այսօր առավոտից փակել են ճանապարհը։ Բողոքի են դուրս եկել կանայք, տղամարդիկ, ասում են՝ պայքարելու են, մինչև հասնեն իրենց նպատակին։
Բողոքի վայրում բազմաթիվ ոստիկաններ են բերվել։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները սկիզբ են առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։
«Պատկերացրեք մի մարդ ունի չորս ուսանող, ամիսը 60 հազար դրամ պետք է տրամադրի 60 հազար դրամ։ Առաջարկում ենք, որ երթուղին հասցնեն մինչև օրինակ մետրոյի «Բարեկամություն» կայարան, բայց ընկերությունից ասում են, նախ Երևանի քաղաքապետարանի հետ պետք է քննարկեն, կարո՞ղ են հասնել այդտեղ, թե՞ ոչ, ակնարկեցին, որ այդ դեպքում տոմսի գինը կբարձրանա»,-պատմեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Մյուսն ասում է՝ որդին ֆիզմաթ դպրոցում է սովորում, նախկինում մեկ տրանսպորտով հասնում էր դպրոց, վերադառնում տուն։ Հիմա արդեն ֆինանսական ծախսն է ավելանալու։
Բնակիչները բողոքում են, որ սպասարկող ընկերության շարժակազմն էլ է փոքր։
«Ամեն գյուղին հատկացված է վեց «Գազել»։ Պարոն գնդապետ, ոչ մի ձևի կոմպրոմիսի չնստեցին։ Մենք տեղյակ պահեցինք, որ 7 հազար բնակչություն ունի Պռոշյանը, 7 հազարից ավելի՝ Քասախը»,-մինչ քաղաքացին ներկայացնում էր խնդիրը, ոստիկանը խնդրեց խոսեն, հայտարարի գան, եթե հասկանան, որ այն քաղաքական ուղղվածություն է ձեռք բերում, ապա իրենք գործողություններ կձեռնարկեն, ինչի համար բավարար չափով շարժակազմ և ուժեր ունեն։
Ի պատասխան, բնակիչները խնդրեցին իրենց հետ հանդիպման գա Տիգրան Ավինյանը։ Իրենք պատրաստ են քայլել մինչև Երևանի սահման, որպեսզի երևանյան տրանսպորտից օգտվեն։
«Եթե էս մի քանի մետրն է խանգարում, մենք պատրաստ ենք ոտքով հասնել, թող բերեն այստեղ էլ կանգառ դնեն։ Մենք բազմաթիվ առաջարկներ ենք արել, ներկայացրել ենք էսքան երեխա կա... մերժեցին»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։ Բողոքի ակցիայի հետևանքով Աշտարակի մայրուղին՝ Երևան տանող և հակառակ ուղղությամբ պարալիզացված է։