Ձմռանը Երևանում օդի աղտոտվածության ավելացման պատճառը ջեռուցումն է. քննարկում՝ քաղաքապետարանում


Ձմռանը Երևանում օդի աղտոտվածության ավելացման պատճառը ջեռուցումն է. քննարկում՝ քաղաքապետարանում
Ապրիլ 7 11:13 2025

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդատվության ժամանակ քննարկվեց Երևանի օդի աղտոտվածության խնդիրը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ թեման հանրությանը ամենահուզող հարցերից մեկն է եղել և պարբերաբար, կարծում եմ, անդրադարձ պետք է ունենանք թեմային:

«Այս սեզոնին արդեն իսկ օդի որակը Երևան քաղաքում էականորեն փոխվում է դեպի լավը, ճի՞շտ եմ արձանագրում։ Եվ սա ցույց են տալիս մեր 173 սարքերը, որոնք որ տեղադրել ենք Երևան քաղաքով մեկ։ Բայց մենք ունենում ենք խնդիրներ հիմնականում ձմեռվա ամիսներին, դա ինչո՞վ է պայմանավորված»,- հետաքրքրվեց քաղաքապետը:

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանն էլ ասաց, որ ձմռան ամիսներին, յուրաքանչյուր տարի ունենում ենք այդ խնդիրը՝ պայմանավորված ջեռուցման սեզոնով:

«Աղտոտման աղբյուրներին գումարվում է նոր աղտոտման աղբյուր՝ ջեռուցումը, ունենում ենք այդ խնիդրը: Նաև կուզենայի տեղեկացնել, որ հրապարակվել է հիդրոմետի օդի աղտոտվածության 2024 թվականի ամփոփագիրը, որի համաձայն 2024 թվականին Երևան քաղաքում նվազել է փոշու աղտոտվածության մակարդակը համեմատած նախորդ տարիների»,- ասաց նա:

Ավինյանն էլ արձագանքեց. «Հիմա ինչ որ Դուք ասում եք՝ շատերը ուղղակի կորակեն՝ իրականությանը չի համապատասխանում: Դա ունի մի պարզ պատճառ՝ մինչև նախորդ տարի մենք այս ծավալի չափումներ օդի որակի, ուղղակի Երևան քաղաքում չէինք արել, այսինքն, այն սարքերի ծավալը և քանակը, որ նախորդ տարի արդեն ունեինք Երևան քաղաքում, 160-ից ավելին էր»: