Խփում էին ու ասում՝ դե մեռեք․ ցմահ դատապարտվածը՝ Նուբարաշեն ՔԿՀ–ում օրեր առաջ տեղի ունեցածի մասին


Խփում էին ու ասում՝ դե մեռեք․ ցմահ դատապարտվածը՝ Նուբարաշեն ՔԿՀ–ում օրեր առաջ տեղի ունեցածի մասին
Ապրիլ 8 17:25 2025

Irakanum.am-ը քիչ առաջ ահազանգ ստացավ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից: Զանգահարողը անցած շաբաթ ծեծի ենթարկված ցմահ դատապարտյալներից մեկն էր, ով մեզ հետ զրույցում նշեց, թե պաշտոնական մակարդակով եղած բոլոր հայտարարությունները սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։ «Մտան կամեռ ու սկսեցին ջարդուփշուր անել: 3 հոգին ենք մեր կամեռում, 3-իս էլ ջնջխեցին: Բացեցին դուռը, մտան ներս ու գետնին գցեցին»,-պատմեց ցմահ դատապարտյալներից մեկը, ում  անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում։

Նա նշեց նաև, որ իրենց վրա քրեական գործեր են հարուցել: Ցմահ դատապարտյալներն էլ իրենց հերթին դիմել են գլխավոր դատախազություն և պահանջել, որ կատարվածի առթիվ քրեական գործ հարուցվի և իրենց ծեծի ենթարկողները և նման հրահանգ տվողները պատասխանատվության ենթարկվեն. «Մեզ ծեծի ենթարկելուց բացի, խցում ինչ կա ջարդել ու փշրել են, ոչ միայն պետական գույքը, այլ նաև մեր անձնական իրերը: Իմ ծնողները մահացած են և նրանցից հիշատակ մնացած առարկաները ևս ջարդեցին, ակնոցներս ջարդեցին: Խփում էին ու ասում՝ դե մեռեք»,-պատմեց ծեծի ենթարկված ցմահ դատապարտյալը:

Նա նաև նշեց, որ ցանկանում են մամուլի ասուլիս հրավիրել կատարվածին առավել հանգամանալից անդրադառնալու համար. «Չգիտենք, թե ինչպես է հնարավոր, բայց խնդրում ենք, որ լրագրողները գան և լուսաբանեն կատարվածը»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել էր. «Հենց նոր ահազանգ ստացա Նուբարաշեն ՔԿՀ-ից, որ 5-րդ հարկում ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել: Ինձ ասում են, որ դատապարտյալները արյունլվա ընկած են, և որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Հարցնում էին՝ ի՞նչ ենք արել, ինչի՞ համար։ Ո՞ւմ հրահանգով են ջարդում այդ մարդկանց»:

ՄԻՊ գրասենյակից էլ հայտնել էին, որ թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին:

 ՔԿԾ-ն այնուհետև  պարզաբանում էր տարածել՝ նշելով. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը տևական ժամանակ է՝ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ, նա տեղափոխվել էր այլ ՔԿՀ, ինչի հետևանքով սկսվել էին անհնազանդություններ:

Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները ձեռնարկել են հատուկ միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու ուղղությամբ։ Ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ»: