«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած, գործարքի մեջ մտած Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նշանակել է վարչական տույժ 200 հազար դրամի չափով։
Բանն այն է, որ 2025 թվականի մարտի 14-ին, քննելով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված 2024 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում Հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելու համար ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով վարչական իրավախախտումների վերաբերյալ նախատեսված գործը, ԿԿՀ-ն պարզեց, որ Դավիթ Մինասյանի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը հանձնված և հրապարակված հայտարարագրերի ցանկում առկա չէ։
Դավիթ Մինասյանը ծանուցվելուց 30 օր հետո կրկին չի ներկայացրել հայտարարագիր, ապա 31-րդ օրը Մինասյանը ծանուցվել է ներկայանալ Հանձնաժողով՝ իր մասնակցությամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար։
Ծանուցվելուց հետո էլ Մինասյանը հարկ չի համարել հայտարարագիր ներկայացնել։
2025 թվականի փետրվարի 14-ին Մինասյանը ծանուցվել է, որ գա և մասնակցի 2025 թվականի մարտի 14-ին կայանալիք նիստին՝ նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը։ Դավիթ Մինասյանը կրկին արհամարհել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։
Արդյունքում, Հանձնաժողովը որոշել է պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր չներկայացնելու համար Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200 հազար դրամի չափով։
Հիշեցնենք, որ Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը պաշտոնից հեռանալուց մեկ ամիս անց կալանավորվել էր: Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանին և իրավաբանական բաժնի առաջատար մասնագետներից մեկին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նրանք չարաշահել են ծառայողական լիազորությունները:
Նա նաև տարիներ առաջ ազատազրկված է եղել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Քրեական գործը հարուցվել է 2009 թ. մարտի 21-ին։ Նախաքննության մարմնի 2009թ. մայիսի 25-ի որոշմամբ՝ Դ. Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. հուլիսի 9-ի դատավճռով Դ. Մինասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել է ազատազրկման 5 /հինգ/ տարի ժամկետով։ Վերոնշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Դ. Մինասյանի պաշտպան Ն. Մկրտչյանը։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թ. հոկտեմբերի 12-ի որոշմամբ՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 01․ 04․ 25 թ համարում։