Անցողիկ շեմը չհաղթահարած ուժերի ձայներն ուղղակի փոշիանում են. Գոհար Մելոյան


Անցողիկ շեմը չհաղթահարած ուժերի ձայներն ուղղակի փոշիանում են. Գոհար Մելոյան
Մարտ 31 12:42 2025

Panorama.am-ը Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Գոհար Մելոյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է  բաշխվելու մոտ 14 տոկոսը, որոնք ստացել են շեմը չհաղթահարած քաղաքական ուժերը։

«Այս պարագայում ձայներն ուղղակի փոշիանում են։ Ոչինչ տեղի չի ունենում։ Անընդհատ մոլորություն է, որ այդ ձայները տարբեր ուժերի մեջ բաշխվելու են, կարող են օգտագործվել։ Այն նույն մտավախություններն ու տրամադրվածությունը 2021 թվականի համապետական ընտրությունների ժամանակ կային, քանի որ բավականին մեծ թիվ կազմեց այն ուժերի ձայների քանակը, որոնք չհատեցին նախատեսված նվազագույն շեմը, որպեսզի անցնեն օրենսդիր մարմին ու ահռելի քանակի փոշիացում ունեցանք։

Մեծ ցավով եմ տանում այս թվաքանակը, որովհետև եթե 14 տոկոսն էլ վերածենք թվերի, բավականին մեծաքանակ ձայն է, իսկ յուրաքանչյուրը մարդու տված քվեն է որևէ ուժի օգտին։  

Մենք ունենք այն պատկերը, որ արդեն ունենք շեմը  հատած ուժերի հետ կապված, նրանք իրենց ստացած տոկոսներով, իրենց ձայներին համահունչ մանդատներ կստանան։ Մնացած բոլոր ուժերի ձայների հետ, որոնք չեն հատել շեմը, որևէ բան չի լինելու։ Փոշիանալու են, եթե որևէ ուժ չբողոքարկի արդյունքները, փոփոխություններ չլինեն։

Բայց, ինչպես տեսանք, Նիկոլ Փաշինյանյանն էլ է արդեն ընդունել արդյունքները, որևէ ընդդիմադիր ուժ այս պահի դրությամբ չի բարձրաձայնել բողոքարկման հետ կապված»,- մանրամասնեց Գոհար Մելոյանը։

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը «Հայաքվե» նախաձեռնության հետ համատեղ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացրել։

«Մի քանի օրվա մեջ մեր զեկույցը կկազմենք, որովհետև քվեարկության ընթացքում խախտումները մեծաքանակ էին, պարբերականությունն էլ բավականին հաճախակի։

Իհարկե, մեր զեկույցը ևս, քանակական առումով, լինելու է որոշման համար առարկա՝  ինչ-որ տեղերում վերահաշվարկի, արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումներ կընդունվե՞ն։ Ըստ դրա, վերջանական կհասկանանք։

Սա նախնական արդյունք է։ Բոլոր կողմերի բողոքարկումների, զեկույցների մուտքագրման արդյունքում նոր ընտրատարածքային հանձնաժողովը պետք է վերջնական որոշում ընդունի ընտրության արդյունքն ընդունելու, անվավեր ճանաչելու, որոշ տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու կամ արդյունքներն անվավեր ճանաչելու մասին։   Ըստ դրա էլ, հաջորդիվ քայլեր կնախաձեռնվեն։

Եթե այս պահի դրությամբ այս պատկերը մնում է անփոփոխ, ԿԸՀ-ն որոշում է կայացնում, ավագանու մոտակա նիստը կայանալու է ապրիլի 16-ին»,- ասաց Գոհար Մելոյանը։

Նախօրեին Գյումրիում տեղի ունեցած ավագանու արտահերթ ընտրությունների քվարկության նախնական արդյունքների համաձայն, ոչ պաշտոնական տվյալներով, անցողիկ շեմը 9 քաղաքական ուժից հաղթահարել է 5-ը։ Ստացած քվեներով, Գյումրիի ավագանու մանդատները, ոչ պաշտոնական տվյալներով, կբախշվեն հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր», քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյան - 14 մանդատ 

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն», քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյան – 8 մանդատ 

«Մեր քաղաքը»,  քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյան - 6 մադնատ

«Իմ հզոր համայնք», քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյան - 3 մանդատ

«Մայր Հայաստան», քաղաքապետի թեկնածու Կարեն  Սիմոնյան - 2 մանդատ

Հիշեցնենք, որ անցողիկ շեմը կուսակցության դեպքում  4% է, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 6%։