Ռուբեն Վարդանյանի որդին ելույթ կունենա Համագումարի գարնանային քարոզչական գագաթնաժողովում


Ռուբեն Վարդանյանի որդին ելույթ կունենա Համագումարի գարնանային քարոզչական գագաթնաժողովում
Մարտ 29 15:19 2025

Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը ելույթ կունենա Ամերիկայի հայկական Համագումարի 2025թ.-ի Գարնանային քարոզչական գագաթնաժողովում։

Համագումարից հայտնում են, որ երեքշաբթի օրը՝ ապրիլի 1-ին, Համալսարանական ակումբում Դավիթ Վարդանյանը ելույթ կունենա Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) 2025թ․-ի Գարնանային քարոզչական գագաթնաժողովում։

«Գագաթնաժողովին ընդառաջ և նախագահ Դոնալդ Թրամփին անցյալ շաբաթ ուղարկված նամակում Համագումարն ընդգծել է, որ «իսկական խաղաղության հասնել հնարավոր չէ» քանի դեռ բոլոր պատանդներն ազատ չեն արձակվել, և հորդորեց նախագահին «օգտագործել Ձեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքը՝ նրանց անհապաղ ազատությունն ապահովելու համար»:

Գործարար, բարերար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթը, իր հոր ուժեղ ջատագովն է հրապարակայնորեն և լրատվամիջոցներում՝ հայ ռազմագերիների վերաբերյալ այդքան անհրաժեշտ իրազեկվածությանը հասնելու համար: CNN-ի թղթակից Քրիստիան Ամանփուրին տված հարցազրույցում նա դատապարտել է Բաքվում իր հոր դատական ​​լսումների «թափանցիկության իսպառ բացակայությունը», որտեղ նա անօրինական կերպով պահվում է Ադրբեջանի բռնապետական ​​ռեժիմի կողմից:

Իր վերջերս հրապարակված տեսաուղերձում Դավիթ Վարդանյանը կոչ է արել «մեր աշխարհասփյուռ ազգին պայքարել այն կեղծ դատավարությունների դեմ, որոնք տեղի են ունենում Բաքվում ընդդեմ իր հոր և մեր մյուս հայրենակիցների, ովքեր իրենց բոլոր ուժերը տվեցին հանուն Արցախի ազատության»։

Համագումարի 2025թ․-ի Գարնանային Քարոզչական գագաթնաժողովը նախատեսված է երկուշաբթի՝ մարտի 31-ից մինչև չորեքշաբթի, ապրիլի 2-ը, և կներառի տեղեկատվական ճեպազրույցներ, պանելային քննարկումներ ու հանդիպումներ կոնգրեսականների հետ: Ողջույնի ընդունելություն տեղի կունենա երեքշաբթի, ապրիլի 1-ին, ժամը 19:00-21:00: Լրացուցիչ տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք սեղմել այստեղ»,- նշված է համագումարի հաղորդագրության մեջ։