Սահմանագծի այն ուղղությունները, որտեղ այս օրերին Ադրբեջանն ակտիվ է, արձանագրվել է մի օրինաչափություն


Սահմանագծի այն ուղղությունները, որտեղ այս օրերին Ադրբեջանն ակտիվ է, արձանագրվել է մի օրինաչափություն
Մարտ 24 10:06 2025

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանը վերջին 5-6 օրերին, համակարգային ձևով  խախտում է հրադադարի ռեժիմը ճակատի տարբեր ուղղություններով և փորձում այն վերագրել հայկական կողմին:

ՊՆ արձագանքն այն մասին, թե իրենք հաղորդագրություններ են տալիս միայն «վտանգավոր կրակոցների» ժամանակ, պարզ լեզվով ասած, նշանակում է, որ խախտումներ կան, բայց դրանք անկանոն բնույթ են կրում:

Սահմանագծի այն ուղղությունները, որտեղ այս օրերին Ադրբեջանն ակտիվ է, արձանագրվել է մի օրինաչափություն: Դրանք բոլոր տեղերում արձանագրվում են գրեթե նույն ժամերին և նույն պարբերականությամբ, ինչը ևս  ապացուցում է, որ դրանք համակարգային և ծրագրավորված բնույթի են կրում:

Իշխանությունը սխալ, ես կասեի` նույնիսկ վտանգավոր, դիրք է բռնել` դրանք հաղորդագրություններով չփոխանցելու առումով, որովհետև և´ բանակցային առանձնահատկությունների, և´ հանրության հետ ճիշտ հարաբերությունների կառուցման, և´ օբյեկտիվ իրադրային գնահատականի տեսանկյունից, ճիշտը պաշտոնական տեղեկատվության փոխանցումն է:

Ադրբեջանն այս քայլով տարբեր խնդիրներ է լուծում, որոնցից կառանձնացնեմ 3-ը:

Առաջին`սպառնում է, որ Հայաստանի կողմից իր հաջորդ պայմանների չկատարումը կբերի առաջնագծի «տաքացմանը»:

Երկրորդ` իր պահանջների կատարման նպատակով ճնշում և ահաբեկչության մեթոդներ գործադրում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների վրա, դրանով իսկ փորձելով ազդել ողջ հասարակության վրա:

Երրորդ` թշնամու անկանոն կրակահերթերին չարձագանքելը իր մեջ ռիսկեր է պարունակում` բացասական ազդեցություն թողնելու զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա:

ՊՆ-ն իր չարձագանքելն անուղղակի հիմնավորում է` «սադրանքի առիթ» չտալու հանգամանքով, ինչի հետ համաձայն չեմ, որովհետև եթե Ադրբեջանը նպատակ դնի սրելու իրադրությունը և սադրանքների գնալ, ապա նա անպայման առիթը կգտնի»: