Պատերազմ բերածն այսօր դիրքավորվել է որպես խաղաղության միակ հույս, իսկ նրա հակընդդեմ ճամբարը սեփական սխալների պատճառով ընկալվում է որպես «ռևանշիստ ու պատերազմ բերող»։ Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
Դեմ լինելը քիչ է. հաջորդ տրամաբանական քայլը
Նիկոլի տրամաբանությամբ՝
1. այս պահին աշխարհում ամենաանկախ և ամենաինքնիշխան միավորներն են Հայաստանը, Ուկրաինան, Գազան։
2. ՀՀ-ի համար ինքնիշխանության և անկախության ձեռքբերում էին 1915-1920 թթ-ը, երբ ազատվեցինք Մուշի, Վանի, Էրզրումի, Կարսի և այլ տիպի բեռներից, որոնք թոկի պես մեր վզին էին կախել այլ պետություններ։
3. Լիակատար անկախության և ինքնիշխանության համար պետք էր կորցնել Արցախի շքեղ քաղաքներն ու գյուղերը, մշակութային-հոգևոր ժառանգությունը, Գանձասարն ու Ամարասը, տալ 5000 զոհ։ Սեփական իշխանության օրոք Արցախի ֆիզիկական ոչնչացումն օրվա ռեժիմով տեսնող անձը խոսում է ձեռքբերումներից ու մնում է իշխանության։
4. Անկախության և ինքնիշխանության գագաթնակետն է, երբ ամեն օր քեզ սպառնում են պատերազմով, դու մուրում ես ինչ-որ թուղթ, և չունես որևէ ուժեղ դաշնակից, որը կասի՝ պատերազմ չի կարող լինել։
Առողջ տրամաբանությամբ՝ նրան պետք է հեռացնել իշխանությունից։ Երկու լուրջ խոչընդոտ կա, որոնք մեկը մյուսին ծանրացնող սիմբիոզի մեջ են.
- Հասարակության անկումային-հանձնված տրամադրությունները
- Հակաիշխանական ճամբարի կոպիտ, անհավանական սխալները
Պատերազմ և աղետը բերածն այսօր դիրքավորվել է որպես խաղաղության միակ հույս, իսկ նրա հակընդդեմ ճամբարը սեփական սխալների պատճառով ընկալվում է որպես «ռևանշիստ ու պատերազմ բերող»։ Չմտածված ու վտանգավոր ձևակերպումները, որոնք հաճախ հնչում են հակաիշխանական ճամբարից, չէին կարող այլ իրավիճակ ստեղծել։ Մյուս կողմից, հանրային հարթակներում արդեն կա մեծ թվով կայացած գործիչների ցանկ, որոնք ճիշտ են պատկերացնում են վիճակը, դժվարությունները, ելքերը, քայլերը, առաջնահերթությունները։ Բայց նրանք ունեն ֆորմատային կոնսոլիդացիայի կարիք, հակառակ դեպքում նրանց ձայնը խեղդվելու է տարբեր «ազդեցիկ», բայց անհեռանկար ձևաչափերի աղմուկի մեջ։
Ով հիմա ուզում է հականիկոլ-ազգային երևալ, շտապում է գոռալ՝ դեմ ենք սահմանադրության փոփոխությանը, դեմ ենք խաղաղության համաձայնագրին, դեմ ենք բանակցություններին … դեմ ենք…. դեմ ենք։ Դեմը բոլորին հասկանալի է, բայց չենք գոռում, թե ինչի՞ն ենք կողմ։ Պետք է ներկայացնել ոչ թե պարզապես՝ ինչին ենք դեմ, այլ շարունակել՝ ներկայացնելով իրավիճակի կարգավորման սեփական տարբերակները։ Հակառակ պարագայում լայն հասարակությունը կանգնում է գրեթե փակուղային ընտրության առաջ՝ նիկոլական հաճելի-ողբերգական ինքնախաբեությո՞ւն, թե՞ հականիկոլական անորոշություն։
Հարցերը պիտի պատասխաններ ստանան Հասարակությանը պետք է տալ ա´յլ ընտրության հնարավորություն, որը դուրս կլինի նիկոլական ստի և հականիկոլական դեմ-ի արատավոր շրջանից։ Հասարակությանը պետք է տալ մի շարք բարդ հարցերի լուծման տարբերակներ։ Եթե գալիս ես խաղաղության՝ ինչպե՞ս ես դա անելու, ո՞ւմ օգնությամբ, ինչպե՞ս։ Եթե խոստանում ես նորմալ բանակցություններ՝ ինչպե՞ս ես դա անելու, եթե խոստանում ես ներքին հաշտեցում՝ ինչպե՞ս ես դա իրագործելու, եթե խոստանում ես բիզնեսի արդար պայմաններ՝ ինչպե՞ս ես դա երաշխավորելու, և այլն, և այսպես՝ բազմաթիվ հարցեր։ Հասարակությունն այսօր ոչ թե փրկչի է սպասում, այլ՝ այն մարդուն կամ մարդկանց, ովքեր կձևակերպեն սեփական պատասխաններն այս բոլոր հարցերին։ Ճիշտ Հայաստանը սկսվում է այդ հարցերի ճիշտ պատասխաններից»,-գրել է նա։