Ռուբեն Մխիթարյանին քարոզարշավի ակտիվ շրջանում Գյումրիից հրավիրել են Երևան՝ հարցաքննության (Տեսանյութ)


Ռուբեն Մխիթարյանին քարոզարշավի ակտիվ շրջանում Գյումրիից հրավիրել են Երևան՝ հարցաքննության (Տեսանյութ)
Մարտ 20 18:39 2025

Գյումրիի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Ռուբեն Մխիթարյանը քարոզարշավի բուն շրջանում ՔԿ է հրավիրվել՝ վարորդական իրավունքը կասեցված վիճակում ավտոմեքենա վարելու վերաբերյալ վարույթով։  Մխիթարյանը Գյումրիում դադարեցրել է քարոզարշավն ու եկել Երևան՝ հարցաքննության։

Հատկանշական է, որ ավտոմեքենա վարելու հետ կապված՝ վերը նշված դեպքը տեղի է ունեցել 2024 թվականին, և 2025 թվականի մարտին, քարոզարշավի ակտիվ շրջանում ընդդիմադիր թեկնածուին Երևան հարցաքննության կանչելն ակնհայտ քաղաքական տարրեր է պարունակում, ինչի մասին լրագրողների հետ զրույցում ասացին  նաև անձամբ Ռուբեն Մխիթարյանն ու նրա փաստաբանը։

«Եթե այս ամենը տեղի է ունենում քարոզարշավի մեջտեղում, երբ ընտրություններին մնացել է ընդամենը 10 օր, և քեզ կանչում են Երևանի քննչական՝ 2024 թվականի մայիսի ճանապարհատրանսպորտային ինչ-որ մի ակտի հետ կապված, վստահաբար, դա քաղաքական ուղղորդված ակցիա է»,- ասաց Մխիթարյանը։

«Տարօրինակ ժամանակահատված է ընտրված, զուգադիպություններն անընկալելի են։ Իմ ունեցած միակ ինֆորմացիան այն է, որ Ռուբեն Մխիթարյանին վաչական վարույթի հետ կապված են կանչել հարցաքննության, որն իրականացվել է գրեթե մեկ տարի առաջ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Մխիթարյանն այս պահին զբաղված է նախընտրական քարոզչական գործունեությամբ, այդ ժամանակահատվածն ընտրելը որոշակի մտորումների տեղի է տալիս»,- ընդգծեց փաստաբանը։