Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժած Իսպանացի արշավորդներից մեկը News.am–ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել տեղի ունեցածից։
«Մենք հասնում էինք գագաթ, երբ ձնահյուս սկսվեց։ Այդ ողջ ձյունը լցվեց մեզ վրա, և մոտ 400 մետր ձնահյուսի մեջ գլորվել ենք։ Չգիտեմ՝ ինչ ասել... Ուզում եմ միայն շնորհակալությունս հայտնել մեզ փրկելու համար։ Այսօր վատ օր էր մեզ համար»,–ասաց նա՝ նշելով որ Հայաստան էին եկել դահուկներով սահելու։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտի 11-ին՝ ժամը 15:26-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել էր ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։