Մեր ռազմագերիների վերադարձն իրատեսական է, բայց եթե պետությունը պասիվ է, անգործություն է դրսևորում, խնդիրը դառնում է անլուծելի. Սիրանուշ Սահակյան (Տեսանյութ)


Մեր ռազմագերիների վերադարձն իրատեսական է, բայց եթե պետությունը պասիվ է, անգործություն է դրսևորում, խնդիրը դառնում է անլուծելի. Սիրանուշ Սահակյան (Տեսանյութ)
Փետրվար 20 18:26 2025

«Բաքվում պահվող մեր ռազմագերիների վերադարձն իրատեսական է, լուծումներ կան։ Պետության դիրքորոշումը միշտ ազդեցություն թողնում է միջազգային կառույցների որոշումների կայացման վրա, Հայաստանի պահանջատիրության պարագայում այդ կազմակերպությունները հանդես կգան ավելի կոշտ ձևակերպումներով ու հետևողական քայլերով։ Իմ համոզմամբ՝ միջազգային գործընկերները պատրաստ են իրերն անվանել իրենց անուններով և ձևակերպել Ադրբեջանի կողմից թույլ տված բազմաթիվ խախտումներ։ Այս առումով որոշակի աշխատանք արվել է, բազմաթիվ կառույցներ իրենց դիրքորոշումն արտահայտեցին մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, բայց հասկանալի է, որ Ադրբեջանը, լինելով ավտորիտար պետություն, չի հարգում միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների՝ այսպես կոչված միջազգային հասարակական կազմակերպությունների կոչերը և արհամարհում է դրանք», - Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ 

«Միջազգային հասարակական կազմակերպությունների զեկույցներն ինքնին բավարար չեն Ադրբեջանի գործելակերպը փոփոխելու համար, և սա է պատճառը, որ մենք պետք է կարողանանք միջազգային հասարակական կառույցների արձագանքին զուգահեռ՝ ունենալ դատական ատյանների իրավական գնահատականներ, պարտադիր վճիռներ, որոնք վերջնական են, բեկանելի չեն, արձանագրում են խախտումներ և պահանջում են կատարողական միջոցառումներ։ Նաև շատ լուրջ դիվանագիտական աշխատանք պետք է տանենք միջազգային կառավարական կազմակերպություններում։ 

Խնդիրը հետևյալն է՝ որքանով է միջազգային հանրությունը Հայաստանի իշխանության հետ փոխհամաձայնեցված աշխատում, որպեսզի ապահովի անհրաժեշտ քաղաքական ճնշում Ադրբեջանի վրա։ Հայաստանի ակտիվ դիվանագիտության պարագայում այդ կոնսոլիդացիան հնարավոր կլիներ։ Խիստ կարևորվում է պետության ներգրավվածությունը միջազգային հանրությանը համախմբելու և Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, և եթե պետությունը պասիվ է, անգործություն է դրսևորում, խնդիրը դառնում է անլուծելի»։